Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ, Եվրահանձնաժողովի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Նվարդ Մանասյանի հետ զրուցել ենք մեկ տարվա ընթացքում կրթական ոլորտում կատարված աշխատանքներից և բացթողումներից:
– Նվարդ, դուք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ամենաակտիվ պայքարողների մեկն եք: Այս տարի նախաձեռնությունը ի՞նչ արեց: Ինչպե՞ս եք ամփոփում տարին:
-Ակտիվ էի, բայց չեմ հանդգնի ինձ ամենաակտիվը համարել: Ամփոփելու տեսանկյունից կարող եմ ասել, որ պայքարը ցույց տվեց խնդրի խորքայնությունը, և միայն օտարալեզու դպրոցների դեմ պայքարով գործը գլուխ չի գա: Խնդիրը լեզվամշակութային դաշտում է, խնդիրը կրթության տեսանկյունից կրթության որակի անբավարար մակարդակում է թաքնված, երբ հայերեն լեզվով, իմաստակիր բաներ չկան, ու դրանով իսկ վարկաբեկվում է հայ դպրոցը, երբ կրթության կազմակերպումը, բայց ինչն ավելի վտանգավոր է` կրթության բովանդակությունը ձևական է, այ, այդ դեպքում հայերենը լուրջ վտանգված է, երբ նախարարի կամ փոխնախարարի մակարդակով երկրի դեմքերը պահը բաց չեն թողնում այլ լեզվով սեփական երկրում բան ասելու ու դա անում են հրապարակավ, չեն հասկանում, որ ակամայից հարվածում են լեզվին ու օրինակ ծառայում առ այն, որ մեր լեզվով հեռու չեք գնա. տափակ ընկալում:
-Անդրադառնալով նախորդ տարի իր դեմ ուղղված` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությանը՝ ԿԳ նախարարը օրերս նշեց, որ այդ մտահոգությունների մի մասը պատվիրված էր, որ օտարալեզու դպրոցների վերաբացման մասին երբեք խոսք չի գնացել: Միջազգային կրթական ծրագիր իրականացրինք, «Այբ»-ի դասարան բացվեց, որի դեմ զարմանալիորեն ոչ մի հրապարակային քննադատություն ինձ հասանելի չեղավ: Արմեն Աշոտյանը այս ամենը պատվիրված է համարում, որովհետև «Այբը» առաջին քայլն էր, և նշեց, որ զարմանալիորեն ինքը որևէ դիմադրության չի հանդիպել:
-Լավ կլինի՝ պարոն Աշոտյանն ասեր- հենց այդ պահին, երբ խոսում էր դրա պատվիրված լինելու մասին- թե ով է պատվիրել, մենք էլ իմանանք։ Մեզ համար պատվիրատուն մենք ենք եղել ու ֆեյսբուքյան խմբի անդամները, գիտնականներ, մշակութաբաններ, մարդիկ, ովքեր մտահոգված են լեզվի այսօրվա կարգավիճակով, մարդիկ, ովքեր նախկինում էլ անտեսանելի, բայց պայքարել են այս ամենի պահպանման համար, եթե Իշխանյանը, Գրիգորյանը, Հովհաննիսյանը, Չուգասզյանը և այլք, ովքեր տեսնում են լեզվի մրցունակ լինելն ու դրա քաղաքականության պատասխանատուների ապաշնորհությունը, այս ամենի դեմ ընդվզելով՝ պատվիրատու են: Այո, այդպես էլ պիտի լինի, հասարակության ամենաակտիվ հատվածը այս կամ այն թեմայի շուրջ պիտի բարձրաձայնի ու պատվիրատու հանդիսանա, իսկ մեր իշխանավորները պիտի սովորեն այդ պատվերներին արձագանքել:
«Այբ»-ում նպատակադրում կար և դա հստակ նշվում էր, թարգմանել ու տեղայնացնել լավագույն ժամանակակից գիտելիքը. դրա դեմ ինչո՞ւ պիտի պայքարենք:
Մենք պայքարում էինք մեկ այլ լեզվով աշխարհընկալում ձևավորելու նկրտումների դեմ ու կշարունակենք: Մարդը հղման կետ պիտի ունենա, ու դա սեփական պատմությանը, նշանային համակարգին հոգեհարազատ ծիրի շուրջը պիտի զարգանա: Հայոց լեզուն այդ առումով անփոխարինելի է ու այնքան հարուստ, որ մեկ կյանքն էլ բավարար չի դրա բոլոր նրբերանգները հասկանալու ու ըմբոշխնելու համար։ Մեր տարրական դպրոցի դասագրքերի բովանդակությանը նայեք. նախարարը ֆրանսիական լիցեյ բացելուց առաջ թող դասագրքաստեղծ գործընթացին հետևի ու չմոռանա պետական այր լինելու պատասխանատու բեռը:
-Նվարդ, այն քայլերով, որ առաջ ենք գնում, արդյոք հնարավո՞ր է հասնել կրթության բավարար մակարդակի, և առհասարկ ի՞նչ միջոցներ է պետք կիրառել կրթության բավարար, էլ չեմ ասում՝ գերազանց մակարդակի հասնելու համար:
-Ֆրանսիական լիցեյի փոխարեն, կրթական ծրագրերի միջազգային համագործակցությունը խթանելը, դրանց աջակցելը, գիտության ֆինանսավորման ավելացումը ու դրա ծրագրային և ռազմավարական ոլորտային դարձնելը, գիտություն-կրթություն-արտադրություն կապը ուժեղացնելը,
որակավորումների ազգային շրջանակը ոչ թե ձևական գործադրելը կամ մահակի վերածելը, այլ բուհերին աջակցելը, որպեսզի ակտուալ բովանդակություն ստեղծվի։ Լուծումներից մեկը, հանրակրթության ոլորտում տնօրենների ատեստավորումից զատ, լավ կլիներ խթանել նորարարական մեթոդների հանրայնացումը, որի համար դպրոց-կենտրոններում պիտի ակտուալ փորձարկումներ գնան ու հետազոտվեն, ապա դրանք փորձի փոխանակմամբ տարածվեն։
Դպրոցական խորհուրդների ապաձևականացումը կլիներ մեկ այլ լուծում, երբ ոչ թե կգնային մասսայական կուսակցականացման ու ընտրություններին նախապատրաստվելու ճանապարհով, այլ կհզորացնեին դպրոցական ինքնավարությունը։ Բայց այս ամենը պահանջում է վերկուսակցական մոտեցում ու պետական գիտակցություն, երբ մանր բաներից վեր են կանգնում ու որոշումները կայացնում հանրային շահի դիտանկյունից, երբ անկեղծ հանրային քննարկումներ են կազմակերպում, ոչ թե PR անում ու վերջ…
-Սակայն նախարարը խոստանում է, որ կրթական համակարգը զերծ է մնալու ընտրությունների ընթացքում կուսակցականանալուց կամ որոշակի պայմանավավորվածություններից:
-Նախարարը հեռուստացույց չի դիտում, նույնիսկ ես գիտեմ, որ նման բան չկա ու ՀՀ վարչապետը ՀՀԿ-ի կուսակցական ինքնությամբ ու կուսակցության հզորացման նպատակով այցելել էր դպրոց՝ այս ամենն էլ եթերով սփռվում էր։ Եթե նախարար կարողանա հաղթահարել այդ միտումը ողջունելի փաստ կլինի:
-Եթե ամփոփենք տարին կրթական առումով՝ արդյոք որևէ հարցում առաջընթաց կառանձնացնե՞ք, և որ կետում, ընդհակառակը, ձախողում արձանագրեցինք:
-Իհարկե, տարիներ շարունակ կրթական ոլորտում կախարդական փայտիկը նյութական ու շոշափելի դարձավ, բայց դե գիտեք՝ ինչ է լինում հեքիաթներում, նայած՝ ում ձեռքում կհայտնվի: Ըստ էության, նոր կառուցվածքի սկզբունքներն ու ձևը դեռևս հիմնական դատարկ վիճակում ուրվագծվում են, բայց թե դրա հենակետային արժեքները որոնք կլինեն, և ինչ իմաստներ այն կստանա` կախված է պետական այրերից ու նաև մեր ակտիվ մասնակցությունից, սակայն առանցքայինը պետական պաշտոնյաներն են, ովքեր եթե չգիտակցեն հանրության ծառան լինելու իրենց կոչումն ու պարտավորությունը, ամեն բան կնենգափոխվի:
Առաջին հիմնարար արժեքը, իմ կարծիքով, պիտի ազնվությունը լինի, իսկ դա նշանակում է կոռուպցիայի դեմ պայքարի ներքին առնացքի առկայություն, բարի կամք ու ինքնակարգավորման լուրջ ներուժ։ PR-ը չի փրկի, ժողովուրդը ոչ միայն աստվածային ձայն ունի, այլ նաև տիեզերական հոտառություն. խաբել չի լինի:









































