ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս,գեներալ-լեյտենանտ՝ Մ.Ս.Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Ստորև ներկայացնում ենք.
Սիրելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Պատմության գիրկն անցավ ևս մեկ տարի։
Անցնող տարին, մեր ժողովրդի համար, լի էր տարաբնույթ իրադարձություններով։ Իհարկե մեծագույն ձեռքբերումը խաղաղության պահպանումն էր։ Այն խաղաղության, որը տարիներ առաջ ձեռք բերվեց ու պաշտպանվեց մեր ժողովրդի մաքառումների, մեծագույն զոհողությունների, հազարավոր մարտիկների կյանքի, առողջության և սխրանքների գնով։
Հայրենակիցներ.
Պետականության կայացման դժվարին գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն կամավորականները, երկրապահները, նրանք՝ ովքեր մարտադաշտում կռեցին մեր երկրի արժանապատիվ ապագան, ապահովելով Հայոց բանակի կազմավորումը, անկախության կայացումն ու հայ ժողովրդի անվտանգությունը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր երկրապահ-ազատամարտիկներին։
Մենք’ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետնորդներս, պարտավոր ենք մշտապես պատվով կրել երկիրը պահողի ու շենացնողի սուրբ կոչումը, այն փոխանցելով նոր սերնդին։ Մենք ընդունում ենք մեր երկրի ապագայի կերտման գործում մեր պատմական ու պատվաբեր պատասխանատվությունը։ Մենք տեր ենք մեր երդմանը՝ ծառայել մեր պետականությանը, մեր երկրին ու մեր ժողովրդին։
Երկրապահը հավատարիմ իր պատվախնդիր կենսակերպին, հայոց բանակի հետ եղել է, կա ու պիտի մնա Արցախի և Հայաստանի անկախության երաշխավորը, պետականության ամրապնդման ջատագովը։ Մեզ համար կարևոր է ոչ միայն ձեռք բերումը, այլ նաև ձեռք բերածի պահպանումը և այն նոր սերնդին փոխանցումը։
Շնորհավորում եմ Հայոց բանակի զինծառայողներին, հատկապես այսօր երկրի սահմանը պահող հայ զինվորին։
Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում ողջ արցախահայությանը, հերոսներ ծնող Արցախի մայրերին, Արցախը շենացնողներին։ Թող էլ ավելի ամրապնդվի արցախահայության իր հողում ազատ ու անկախ ապրելու հավատը։
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, կուզենայի բոլոր երկրապահների անունից առանձնահատուկ շնորհավորել մեր զոհված մարտական ընկերների հերոսական մայրերին, քույրերին, կանանց, երեխաներին։ Մենք գնահատում և խոնարհվում ենք մեր մայրերի ոգու և հայրենասիրության առաջ, որով նրանք դաստիարակել են իրենց քաջ որդիներին։
Եկեք Ամանորի առիթով մեկ անգամ ևս գլուխ խոնարհենք Եռաբլուրի առաջ, բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր զոհվեցին հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության։ Նրանք երազում էին հաղթանակած Հայաստան, անկախ Արցախ ու տեր էին կանգնում իրենց երազանքին։ Այսօր մենք պարտավոր ենք իրականություն դարձնել մեր մարտական ընկերների երազանքը, ունենալ բարեկեցիկ Հայաստան ու անկախ, հզոր Արցախ։
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ շնորհավորել մեր երեխաներին, մեր թոռներին, երիտասարդ ու պատանի երկրապահներին։ Մենք պարտավոր ենք հավատալ մեր երիտասարդությանը, մատաղ սերնդին։
Նոր տարին նոր նվաճումների ժամանակաշրջան է լինելու։ Թող միշտ տոնական լինի մեր տրամադրությունը և մեզ չլքի էլ ավելի ժողովրդավար, հզոր ու կայուն պետություն ստեղծելու հավատը։ Թող մեզ առաջնորդի դժվարությունները հաղթահարելու կամքը և լավը, առաջընթացը տեսնելու, գնահատելու լավատեսությունը։
Թող 2012թ. լինի միասնության, համայն հայության համախմբման, անկախության ամրապնդման և պետության հզորացման տարի։ Մեր հզորությունը մեր միասնության մեջ է։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Աստված բոլորիս պահապան։
Սիրով և խորին հարգանքներով՝











































