Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը համաձայնել է բանակցություններ վարել թալիբների հետ և թույլատրել է նրանց իրենց ներկայացուցչությունը բացել Կատարում: Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, Կարզայը նշել է, որ եթե ԱՄՆ-ը պնդում է թալիբների հետ համաձայնության գալու անհրաժեշտության վրա, ապա Քաբուլը կգնա այդ քայլին:
Ավելի վաղ Աֆղանստանը հետ էր կանչել իր դեսպանին Կատարից՝ իմանալով, որ թալիբները պատրաստվում են իրենց ներկայացուցչությունը բացել այդ երկրում: Աֆղանստանի կառավարությունն այժմ չի խոչընդոտի դրան՝ պայմանով, որ խաղաղ բանակցություններին այլ երկրներ չեն միջամտի:
Աֆղանստանի խաղաղության բարձրագույն խորհուրդը զգուշացրել է ԱՄՆ-ին և մյուս երկրներին՝ առանձին պայմանագրեր չկնքել թալիբների հետ, քանի որ դա «աֆղանական գործընթաց է, և այն պետք է վարեն աֆղանները»: