Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն իր կողմնակիցներին կոչ է արել փողոց դուրս չգալ` իր հեռացման դեմ պայքարելու համար: «Այստեղ չպետք է խոսվի փողոցային միջոցառումների կամ երթերի մասին: Խոսքն անհանդուրժողականության մասին է, ինչը տեղի ունեցավ այն բռնատիրական մեթոդներով, որոնց դիմում է ՌԴ նախագահը` անպիտան գուբերնատորների դեմ պայքարում»:
Երեկ Լուժկովը իր նոր աշխատավայրում` Մոսկվայի միջազգային համալսարանում, ուսանողներին պատմել է իր հեռացման մասին. «20 տարի` անթերի աշխատանք: Ինձ Կրեմլ կանչելու նախօրեին ես շնորհակալագիր եմ ստանում նախագահից: Եվ հանկարծ այսպիսի բան է տեղի ունենում»,- ասել է նախկին քաղաքապետը` նշելով, որ հանգիստ է ընդունել նախագահի այդ քայլը:
Յուրի Լուժկովը երեկ հրաժարվել է մասնակցել նոր քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Նա այդ ժամանակ դասախոսություն է կարդացել իր ուսանողների համար: Մեկնաբանելով Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետ նշանակելու որոշումը` Լուժկովն ասել է, որ անկեղծորեն հաջողություն է մաղթում նոր քաղաքագլխին: