Իսպանական «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հերթական անգամ արտահայտվել է Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Հիշեցնենք, որ օրերս բասկ մասնագետը պորտուգալացուն անվանել էր «լացկան», թե ամեն խաղից հետո բողոքում է մրցավարությունից: «Կան պարզագույն կանոններ, որոնց հետևել է հարկավոր: Օրինակ մամուլի ասուլիսի ժամանակ առաջինը ելույթ է ունենում հյուրերի մարզիչը: Մեզ հետ խաղից հետո ինձ մոտեցավ «Ռեալ»-ի տնօրենը և ներողություն խնդրեց Մոուրինյոյի պահվածքի համար: Նա ասաց, որ ակումբում էլ ոչ ոք ի զորու չէ կառավարել պորտուգալացուն: Ես ծանոթ եմ թե՛ Ֆերգյուսոնի, թե՛ Գվարդիոլայի հետ, նրանք երկուսն էլ ակումբային ֆուտբոլում ամեն ինչ հաղթել են, բայց մարդկանց հետ շփվելու ձև գիտեն և հարգանքով են մոտենում դիմացինին: Միթե՞ նրա համար այդքան բարդ է մարդկային լինելը և դիմացինին հարգելը: Մենք բոլորս գիտենք նրա մակարդակը», – ասել է Էմերին` Marca-ին տված հարցազրույցում: