Ինչպես հաղորդում է fincake.ru կայքը, հղում անելով Reuters գործակալությանը, ռուսական խոշորագույն «ՌուսԳիդրո» ընկերությունը մտադրված է «ԻնտերՌԱՈ» ընկերությունից գնել Սևան-Հրազդան հիդրոէլեկտրոակայանների կասկադը: Դրանց ընդհանուր հզորությունը 560ՄՎտ է: Այս մասին հայտարարել է «ՌուսԳիդրո» ընկերության ղեկավար Եվգենի Դոդը:
«ԻնտերՌԱՈ»-ն այն գնել է 2003թ.: Ինչպես Коммерсант-ին հայտնել է Դոդը, «Մենք «ԻնտերՌԱՈ»-ի գործընկերների հետ համաձայնվել ենք, որ նրանք ավելի շատ մասնագիտացած են ջերմաէլեկտրակայանների վրա (իբր դրա համար էլ վաճառում են – խմբ.): Հուսով եմ, որ մոտ ժամանակներում մենք կավարտենք այս գործարքը», ասել է Դոդը Коммерсант-ին:
Այս լուրը հաստատել է նաև «ԻնտերՌԱՈ»-ի նախագահ Անտոն Նազարովը, որը հայտնել է, որ գործարքը լինելու է գումարային:
Դոդը նաև տեղյակ է պահել, որ պատրաստվում է 40 մլն եվրոյի ներդրում կատարել, որպեսզի ավարտեն կասկադի վերականգնումը:
«ՌուսԳիդրո» ընկերությանն է պատկանում Ռուսաստանի հիդրոէլեկտրոկայանների մեծ մասը, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 25.5 ԳՎտ: Մինչև 2015թ. ընկերությունը ցանկանում է արտասահմանում ստանալ մինչև 1 ԳՎտ հզորություն ունեցող կայաններ, իսկ 2020թ. այդ հզորությունների թիվը հասցնել 5 Գվտ-ի:
Ստացվում է, որ «ՌուսԳիդրո» ընկերությունը այս գործարքով իր ծրագրերի կեսն իրակգործելու է արդեն 2011թ. սկզբին: