Չնայած մի քանի ամսվա քննարկումներին, հասարակական ընդվզմանը, հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների ելույթներին` այդուամենայնիվ, ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց, և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով Հայաստանում բացվելու են օտարալեզու դպրոցներ: Քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը կարծիք հայտնեց, որ սա խայտառակություն է. «Այս իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք գործում են ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ սեփական շահերից ելնելով: Իսկ վերջիններս էլ ղեկավարվում են դրսի ուժերի կողմից, ովքեր էլ թքած ունեն ՀՀ քաղաքացիների շահերի վրա»:
Անդրադառնալով «Լեզվի մասին» օրենքի փոփոխության դեմ մտավորականների պայքարին՝ Կարապետ Ռուբինյանն ասաց. «Անցած ամռանը թեթև մի քանի ժողովների մասնակցեցին և բարեհաջող ձևով մի կողմ քաշվեցին. ես դա պայքար չեմ համարում»: