Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը մեկնարկած իրանական «Վելայաթ 90» խորագրով ռազմածովային զորավարժությունների ժամանակ Իրանի ռազմածովային ուժերը ծովահենային հարձակումից փրկել են Սաուդյան Արաբիային պատկանող մի լցանավ, որը լի էր նավթով։
Այս մասին հայտարարել է ծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսևին։ Վերջինիս խոսքերով, ծովահենային հարձակումը հետ է մղել իրանական «Ջամարան» էսկադրոնային ականակիրը։
Մուսևին հայտարարել է, որ զորավարժությունների ժամանակ միջադեպ է գրանցվել նաև օտար երկրին պատկանող մարտական ուղղաթիռի հետ։ Նա հավելել է, որ այդ օտար հետախուզական ուղղաթիռը զորավարժությունների մանևրների շրջանը լքել է միայն բազմաթիվ զգուշացումներից հետո։
Ըստ Մուսևիի՝ իրանական ռազմածովային զորավարժությունները թևակոխել են տակտիկական փուլ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե «Վելայաթ 90» զորավարժությունները տևելու են 10 օր, և այդ ընթացքում Իրանը մշակելու է Հորմուզի նեղուցի փակման և Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ պատերազմ մղելու տարբերակներ։











































