Apple ընկերությունը հնարավոր է՝ երրորդ սերնդի iPad-ը թողարկի ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ծննդյան օրը՝ փետրվարի 24-ին: Այս մասին հաղորդում է 9to5mac կայքը:
Կայքի տվյալներով՝ երրորդ սերնդի iPad-ի արտադրությամբ զբաղվող Apple-ի գործընկերները կաշխատեն նաև տոներին, որպեսզի հասցնեն ժամանակին այն թողարկել: 2012 թ. առաջին քառորդում նախատեսվում է արտադրել 9.5-9.8 մլն նոր iPad:
Վերջին ոչ պաշտոնական տեղեկության համաձայն՝ նոր iPad-ը կլինի iPad 2-ից 0.7 մմ բարակ: Սպասվում է որ նոր iPad-ի էկրանը ի վիճակի կլինի արտացոլել 2048×1536 կետ՝ 4 անգամ ավելի, քան Apple-ի գոյություն ունեցող պլանշետները:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Apple-ը, հնարավոր է, 2012 թ. թողարկի ևս մեկ պլանշետ՝ 7 դյույմ դիսփլեյով:
iPad պլանշետային համակարգիչները իրենց ոլորտում անխոս առաջատարներ են՝ զբաղեցնելով համաշխարհային շուկայի երկու երրորդը:











































