Արևմտահայոց երրորդ համագումարի նպատակն էր հայ քաղաքական միտքը զուգորդել հայ կապիտալի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արևմտահայոց ազգային խորհրդի պատգամավոր Լևոն Շիրինյանը` խոսելով Արևմտահայոց երրորդ համագումարի մասին:
2006 թվականից ստեղծվել է Արևմտահայոց ազգային խորհուրդը, որի նպատակն է արևմտյան հարցի կարգավորումը: Խորհրդի անդամներից էին Սիլվա Կապուտիկյանը և շատ այլ մտավորականներ` սփյուռքից և Հայաստանից: Նիստեր են անցկացվել Կիպրոսում, Ժնևում, դեկտեմբերի 10-ին` Սևրում: Բանախոսը մասնակցել է համագումարի աշխատանքներին և վստահեցնում է, որ համագումարը այն սուբյեկտն է, որն իր իրավունքը փորձում է պաշտպանել:
Ըստ քաղաքագետի` համագումարը ներկայացուցչական էր, որը լեգիտիմության խնդիր ուներ: «Կարողանալ այնպիսի ժողով կազմակերպել, որը լեգիտիմության խնդիր չունի: 100 հոգուց ավելի մարդիկ էին մասնակցում ժողովին: Շատերը նաև չէին մասնակցում: Պատվիրակներ էին ընտրված Ավստրիայից, Շվեյցարիայից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Հայաստանից, Անգլիայից, Արգենտինայից և այլ երկրներից»,- տեղեկացրեց Լ. Շիրինյանը` հավելելով, որ նպատակն է հետազոտել հայկական հարցը:
Բանախոսը կարևորեց նաև գործադիր մարմնի ստեղծումը, որի նախագահն է Սամվել Սարդարյանը: Արևմտահայոց ազգային խորհուրդը կգրանցվի որպես միջազգային կազմակերպություն և աշխարհի տարբեր ծայրերում կունենա տարբեր գրասենյակներ: Լ. Շիրինյանի համոզմամբ` սա շատ լավ մոդել է, խորհուրդն աշխատելու է` հիմնվելով ժողովրդավարության վրա, և փորձելու է այն պրոպագանդել: