Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ, Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ժամանակ հյուրընկալվեց ազատամարտիկների միության կողմից, և Հենրիկ Մխիթարյանը զոհված ազատամարտիկների 10 ընտանիքների թանկարժեք կենցաղային տեխնիկա նվիրեց: REGNUM-ի հաղորդմամբ, հայտնի ֆուտբոլիստը մտադիր է շարունակել բարեգործական գործունեությունը Ստեփանակերտում: Նա խոստացավ 2011 թ. պլանավորած այցի ժամանակ օգնել մանկական հաստատություններին: Հենրիկ Մխիթարյանը պարգևատրվեց «Հայրենիքի Պաշտպան» շքանշանով: Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, Հենրիկի այս քայլը օրինակ պետք է ծառայի շատերի համար: «Խորհրդանշական է, որ համազգային շարժման տարիներին ծնված հայ երիտասարդը նման օգնություն է ցուցաբերում պատերազմից տուժած Արցախի հերոսական ժողովրդին, և ես կարծում եմ, որ նրա այս քայլին կհետևեն նաև մեր մյուս անվանի մարզիկները»:
Հիշեցնենք, որ մի որոշ ժամանակ առաջ ԱԺ պատգամավոր Վ.Դալլաքյանը ԱԺ ամբիոնից քննադատել էր բարեգործությունը` կարդալով Շիրվանզադեի գրվածքից մի հատված, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Վ.Բոստանջյանը հրապարակավ հրաժարվեց Դալլաքյանի քավորությունից` ընդունելով, որ դալլաքյանի այդ հայտարարությունն ուղղված էր Գ.Ծառուկյանի դեմ: