Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը դեկտեմբերի 20-22-ը ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով մեկնել է ԱՄՆ՝ երկկողմանի խորհրդակցություններ անցկացնելու համար։ ԱՄՆ-ում Ազիմովը հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում ու պաշտպանության նախարարությունում և ելույթ ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում։
Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը բացասաբար է վերաբերում նրան, որ ԱՄՆ Սենատը չի հաստատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը։ Ազիմովն ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Ազիմովը հայտարարել է, որ բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում անհրաժեշտ է փոխել բանակցությունների ձևաչափը կամ էլ միջնորդական մեխանիզմը։








































