Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է կենսապարարտանյութերի շուկայի զարգացման որոշում, որով ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարվել է հանրապետության աղակալած հողերի վերականգնողական աշխատանքներում աջակցել «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերի կիրառման գործընթացին, ձեռնարկել դրանց կիրառման արդյունավետության վերաբերյալ հանրային իրազեկման և զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման միջոցներ։ ՀՀ վարչապետը նշել է, որ այս որոշումը կարող է հեղափոխական փոփոխություն առաջացնել պարարտանյութի շուկայում։ Ըստ նրա, մեր գիտնականներն ու արտադրողները խոստանում են, որ երկրի կարիքները հոգալուց հետո այս պարարտանյութերը կարելի է նաև արտահանել։ Դրանք որոշակի առավելություն ունեն, օրինակ, սելիտրայի նկատմամբ և արդյունավետ կարող են լինել աղակալած հողերի բարելավման համար։