«Կարին» երգի և պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը կարծում է, որ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունները իրենց մեջ բազմազան սպառնալիքներ և վտանգներ են պարունակում.«Եթե ռազմական տերմիններով խոսեմ, ապա սա «ֆրոնտալ» հարձակում է հայի ինքնության վրա, ամբողջ ճակատով մեկ հարձակում է: Օրենքով ամրագրված չէ դպրոցների թիվը, էդ 11 դպրոցը օրենքով չի սահմանափակվում: Գուցե հաջորդ կրթության նախարարը կամ Ազգային ժողովի նախագահը կամ հաջորդ որևէ մի պաշտոնյա, որի քմահաճույքին կմնա այդ հարցի լուծումը, ինքը կարող է դրան շատ քմահաճ լուծում տալ: Բայց նույնիսկ, եթե օրենքով ամրագրվեց, որ 11 դպրոց է, այդ դպրոցից յուրաքանչյուրը կարող է 3000 աշակերտ ունենալ, երբ սովորական հայկական դպրոցն ունի ընդամենը 400-500 աշակերտ, այսինքն դա կեղծ թվաբանություն է, որ ընդամենը 11 դպրոց է: Այն ձևակերպումը, որը անում են պետական չինովնիկները, իբր դա արվում է մրցունակ սերունդ մեծացնելու համար և մեր երիտասարդությանը մեկնաբանում կամ մատը աչքն են մտցնում, որ այ քո լեզուն խոհանոցային լեզու է, բամբասանքի լեզու է, որ դու քո լեզվով կարող ես միայն խոհանոցում խոսել, ի վերջո երիտասարդը տրամաբանական վերլուծության է գալու, որ իր մայրենի լեզուն ոչնչի պետք չի: Հայոց լեզուն մեղավոր չէ, որ դպրոցներում անգլերենի ուսուցումը շատ ցածր որակի է: Եթե ուզում եք ներդրում անել, արեք հայկական դպրոցներում, խորացրեք անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի ուսուցումը, ոչ թե օտարալեզու դպրոցներ բացեք: Մարդը, որը հասկանում է, որ իր երկրում իր լեզուն ստորադաս է, արդեն թերարժեքության բարդույթի մեջ է: Մահվանից ավելի մեծ դատապարտություն է, երբ որ մի ամբողջ ազգ մի ստորագրոթյամբ կարող են գցել թերարժեքության բարդույթի մեջ»: