Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Վ. Զատիկյանի անվան համար 90 դպրոցում բացվել է ձեռքի աշխատանքի ուսուցման տեխնոլոգիական կաբինետ՝ համաշխարհային Bosch ընկերության աշխատանքային նորագույն էլեկտրոնային գործիքներով հագեցած:
Տեխնոլոգիական կաբինետի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Հայաստանում Bosch ընկերության պաշտոնական գործընկեր «Մելինետ» ընկերության տնօրեն Սամվել Դովլաթյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ տեխնոլոգիայի կաբինետը քաղաքապետարանի և բիզնես կառույցների համագործակցության հերթական արդյունքն է:
«Քաղաքապետարանն էլ իր հերթին պատրաստակամ է հնարավորությունների սահմաննրում աջակցել գործարար հատվածին՝ որպես գործընկերոջ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մելինետ» ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ քաղաքապետարանի հետ դպրոցների տեխնոլոգիական վերազինման գործակցությունը շարունակական է լինելու:
Տեխնոլոգիական կաբինետը փայտամշակման և մետաղամշակման 26 միավոր տարատեսակ նորագույն սարքավորումներ է ներառում, որոնց կիրառումն ուսուցանելու համար ընկերությունը նախատեսել է նաև վարպետների վերապատրաստում Bosch ընկերության տարածաշրջանում միակ երևանյան ռեսուրս-կենտրոնում:











































