Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ամփոփելով տարին, նշեց, որ Կոնգրեսը առաջին հերթին տարին ամփոփում է քաղբանտարկյալ ընկերների մի մասի ազատ արձակմամբ: Իրավական ոլորտում ամփոփելով տարին` Ջհանգիրյանը նշեց, որ այդ ոլորտում սկսված կադրային փոփոխություններում ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական որևէ բան չի տեսնում: «Գևորգ Դանիելյանին Հրայր Թովմասյանով փոխարինելով՝ որևէ բան այս համակարգի մեջ չի փոխվելու: Անձերի փոփոխությունը այս համակարգի փոփոխման ընթացքում որևէ դրական տեղաշարժ չի ապահովելու, քանի դեռ որևէ նախարար նախարար չէ, որևէ նախարար ինքնուրույն չէ: Եթե Գևորգ Դանիելյանը ինքնուրույն նախարար լիներ, նա երեք տարվա ընթացքում ՀՀ-ում կատարված մասսայական ապօրինություններին, մարտի 1-2-ի սպանդին, ապօրինի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրին, պաշտպանության նախարարի 0038 հրամանին, տասնյակ արդար անմեղ մարդկանց ձերբակալություններին, կալանավորումներին, դատապարտումներին որևէ գնահատական կտար, որովհետև ինքը իրավաբան է և որպես արդարադատության նախարար` իբր կառավարության թիվ մեկ իրավաբանն է: Ինքը իր՝ որոշ դեպքերում լուռ համաձայնությամբ, որոշ դեպքերում բացահայտ համագործակցությամբ օրինականացրել է, իրավական տեսք է տվել այս անօրեն իշխանությունների երեք տարվա բոլոր ապօրինություններին»,- նշեց Ջհանգիրյանը: Ջհանգիրյանի խոսքով, կարևոր է, որ Գևորգ Դանիելյանի և Գագիկ Բեգլարյանի օրինակներով գործող նախարարները, պաշտոնյաները ի վերջո հասկանան, որ նրանք Գագիկ Բեգլարյանից ավելի շատ ծառայյություններ չեն մատուցել այս վարչախմբին, բայց Բեգլարյանին էլ են զոհում: «Այսինքն՝ նրանք որևէ երաշխիք չունեն, որ մնալու են իրենց պաշտոններին այն ստրկամիտ հոգեբանությամբ, թե կմնան ու կծառայեն. նույնիսկ ամենալավ ծառայողներին, երբ պահը գալիս է, զոհում են»,- ասաց Ջհանգիրյանը: