2011թ.-ը բավականին արդյունավետ տարի էր ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ անցնող տարվա ընթացքում բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ, և չարաշահումների դեպքում բազմաթիվ տնտեսվարողներ պատասխանատվության են ենթարկվել:
Պատասխանատվության 198 որոշում է կայացվել, այսինքն` երկու անգամ ավելի, քան նախորդ տարի: Ըստ Ա. Շաբոյանի` տուգանքների առումով աշխատանքների ծավալը նույնպես ակնհայտ է. մոտ 380 մլն տուգանք է նշանակվել, որը մոտ տասն անգամ ավելի է 2010 թ.-ից:
«Կարևոր նշանակություն ունի, թե այդ տուգանքների որքան մասն է գանձվում պետբյուջե. դա մոտ 6-7 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարի: Արդյունավետությունը մեծապես պայմանավորված է եղել տարվա ընթացքում կատարված օրենսդրական փոփոխություններով»,- ասաց Ա. Շաբոյանը` նշելով, որ օրենքը մեծ չափով համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:
ՏՄՊՊՀ-ին տրվել են նոր հնարավորություններ, նոր գործիքներ, բայց պետք է հաշվի առնել, որ օրենքն իր ազդեցությունը ՏՄՊՊՀ-ի վրա թողել է տարվա երկրորդ կիսամյակում: Նրա խոսքով` տուգանքներն ինքնանպատակ չեն. գլխավոր նպատակն է բացահայտել տնտեսությունում մրցակցության խոչընդոտները:
ՏՄՊՊՀ նախագահը շեշտեց, որ բացի տուգանքներից` մեծ վնաս է հասցվում նաև իրավախախտ տնտեսվարողների իմիջին:
Ա.Շաբոյանը հայտնեց, որ ՏՄՊՊՀ որոշումներից 28-ը բողոքարկվել է դատարանում, բայց ոչ մեկն անվավեր չի ճանաչվել:
«Հանձնաժողովը միայնակ չի կարող լուծել մրցակցության ոլորտի խնդիրները: Այդ խնդիրները հետևանք են, իսկ պատճառը այլ պետական մարմինների իրավասության դաշտում է»,- նկատեց Ա. Շաբոյանը:








































