1955թ. այս օրը մահացել է հայ պետական, ռազմական գործիչ և քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհը:
Գարեգին Նժդեհը ծնվել է 1886թ-ի հունվարի 1-ին: Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում` ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։
1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։ 1907-1908 թթ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։
Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։
Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։
Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը։ Լեռնահայության դիմումներին՝ որևէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ոչ մի կերպ չարձագանգեց։
Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925 թվականներին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։
1924-1925 թթ-ին նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։
1926 թ-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։
1933 թվականի ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ։
ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։
1937 թ-ին Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։
1937 թ-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։
Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938 թթ-ին, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։
1938-1939 թթ-ին լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։
Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942 թ-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։
Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու համար, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։
Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թ-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։
Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։
1948-1952 թթ-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։
Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։
Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955 թ-ի դեկտեմբերի 21-ին։