Դեկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Տոմաշ Պորեբային` ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի:
Իր խոսքում Ամենայն Հայոց հայրապետն անդրադարձավ 1915 թ. Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության տարիներին Հայ Առաքելական եկեղեցու կրած դժվարություններին, որոնց հետևանքները զգալի են նաև նորօրյա ժամանակներում։ Նորին Սրբությունն անդրադարձավ նաև եկեղեցի-պետություն հարաբերություններին և այն համագործակցությանը, որ իրականացվում է տարբեր ոլորտներում՝ ի բարօրություն ժողովրդի:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանային տարբեր խնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված Հայ եկեղեցու ջանքերի մասին։ Մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացման և Վրաստանում հայոց եկեղեցիների վերադարձման, ինչպես նաև Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակի խնդիրներին: