Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և փորձագետ Մեսրոպ Հարութունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ կոմիտեի աշխատանքային խումբը 2010 թվականի օգոստոս-դեկտեմբերին իրականացրել է Հայաստանում հեռուստա-ռադիո հեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն: Գործընթացի ընթացքում փորձագետները հետազոտել են թվայնացմանն առնչվող օրենսդրական և այլ նորմատիվ փաստաթղթերը: Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ աշխատանքային խումբը ուսումնասիրությունների հիմքում դրել է հեռարձակման ոլորտի ազատականցման գաղափարը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կատարած վերլուծությունների և առաջարկությունների փաթեթը հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մտադիր է ներկայացնել միջազգային կառույցներին, ԱԺ բոլոր խմբակցություններին, գործադիր իշխանությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբին: