ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, խոսելով Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների վերաբերյալ, կոչ արեց իշխանություններին մի պահ կանգ առնել, սթափվել ու մտածել, թե ինչ է կատարվում: «Իսկ կատարվում է մի բան, որը Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում չի կատարվել: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց առաջարկում եմ կանգնել մի պահ ու մտածել, թե ինչ է կատարվում: Պետք է փաթեթը հանել օրակարգից: Եթե ուզում եք լավ կրթություն, դա այլ խնդիր է: Բայց լեզվի հետ կապված նման քայլերն աններելի են ու չունեն որևէ գնահատական»,- հայտարարեց Տիգրան Թորոսյանը` հավելելով, որ այս որոշումների ընդունմանը նպաստողները հենց իրենք հոգու խորքում չեն ների իրենց: «Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Ես նրանց որևէ բան չունեմ ասելու: Բայց կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում»,- ասաց Թորոսյանը: