Դեկտեմբերի 17-ին դեսպան Մուրադ Մուրադյանն այցելել է Իրաքի Ալ Անբար նահանգ, որտեղ հանդիպումներ է ունեցել մարզպետ Կղասիմ Մուհամեդ Աբիդի և մարզի ներդրումների հանձնաժողովի նախագահ Ահմեդ Աբդուլ Նասիրի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալ Անբարի մարզի միջև հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավոր ոլորտները:
Ալ Անբարի պաշտոնյաները ներկայացրել են մարզի վերականգնման և զարգացման հետ կապված խնդիրները, ներդրումային ծրագրերը, մասնավորապես` բնակարանային շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության էներգետիկայի ոլորտներում, որտեղ հնարավոր է հայկական ընկերությունների մասնակցությունը:
ՀՀ դեսպանը հավաստիացրել է, որ ներկայացված ծրագրերն ամենայն ուշադրությամբ կուսումնասիրվեն, և հայտնել է հայկական ընկերությունների` Իրաքի վերականգնման ծրագրերին մասնակցելու ցանկության և պատրաստակամության մասին:
Ալ Անբարը, որը բնակեցված է սունիներով, տարածքով Իրաքի ամենամեծ մարզն է (բնակչությունը` 1 մլն 300 հազար մարդ) և, սահմանակցելով Սիրիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի հետ, ունի մեծ ռազմավարական նշանակություն:
Մարզը հարուստ է բնական պաշարներով, հատկապես ֆոսֆատով:
Ֆոսֆատի համաշխարհային պաշարների 11%-ը գտնվում է Ալ Անբարում:











































