Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` 2011թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հանրապետության 106 մարզիկներին, նրանց մարզիչներին (անձնական մարզիչներ, հավաքականի ավագ մարզիչներ, երկրորդ մարզիչներ), բժիշկներին ու մարզական կազմակերպություններին շնորհվել են դրամական մրցանակներ:
ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պարգևատրվող մարզիկների թվում են ծանրամարտիկ, Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Արայիկ Միրզոյանը, կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկներ, աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ Նարեկ Խաչատրյանը և Ռաֆիկ Մանուկյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության երրորդ մրցանակակիր Հարություն Մերդինյանը:
Դրամական մրցանակների արժանացածների թվում են նաև շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի անդամները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը և այլ մարզաձևեր ներկայացնող մարզիկներ, ովքեր այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում բաձր են պահել Հայաստանի մարզական պատիվը: