Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշված է, որ սեպտեմբերին գների աճը զգալիորեն գերազանցել է ԿԲ կանխատեսումները: Այսպես` այս տարվա հուլիսին ԿԲ-ն կանխատեսել էր, որ այս տարվա սեպտեմբերին տասներկուամսյա գնաճը կլինի 6%, սակայն իրականում այն կազեց 8.6%:
«ԿԲ խորհուրդն արձանագրեց, որ միջազգային շուկայում ցորենի գնի թռիչքաձեւ աճը եւ գյուղատնտեսության ճյուղի խորն անկումը որոշիչ են եղել 12-ամսյա գնաճի կանխատեսված եւ փաստացի ցուցանիշների միջեւ շեղման առումով: Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8.6% հուլիսին կանխատեսված 6%-ի պարագայում, որից 3.3 տոկոսային կետն արձանագրվել է «Միրգ», «Բանջարեղեն եւ կարտոֆիլ», 1.5 տոկոսային կետը` «Հացամթերք» ապրանքախմբերում գների աճի արդյունքում»,- նշված է 2010 թվականի հոկտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ երեկ տարածած հաղորդագրությունում: Սակայն պարզվում է, ԿԲ-ն այդպես էլ անուղղելի լավատես է մնում, եւ թեեւ սեպտեմբերի համար իր կանխատեսումը չի իրականացել, սակայն ԿԲ-ն շարունակում է մտածել, թե դեկտեմբերին գնաճը այդքան էլ բարձր չի լինի: «Գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնի վերջում [գնաճը] կգտնվի նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ»,- կարծում է ԿԲ-ն: