«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
– Պարոն Սահակյան, քաղաքական տարին կարող ենք ավարտված համարել: Բավական հարուստ, բայց անարդյունավետ տարի ունեցանք: Տարբեր գնահատականներով, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը համարվում է տարվա գլխավոր ձեռքբերումը, որը, սակայն, ձախողված պետք է համարել, ունենք տնտեսական անբարենպաստ խնդիրներ, մեծ չափերի հասնող արտագաղթ, կեղծված քվեարկությամբ բյուջե: Դուք ինչպե՞ս կգնահատեք տարին:
– Եթե քաղաքական տարին տարանջատենք արտաքին և ներքին քաղաքականության առումով, ապա պետք է արդարացիորեն նշենք, որ ներքաղաքական կյանքում ամենաուշագրավ փաստը երկխոսության առկայությունն էր: Մեր քաղաքական մշակույթում այն նոր դրսևորում էր, նոր մշակույթի ձևավորման փորձ: Ցավով պետք է նշեմ, որ այդ քայլը նախաձեռնողը իշխանությունն էր և այն չունեցավ իր տրամաբանական ավարտը, որն ակնկալում էին գրեթե բոլորը, հասարակության բոլոր շերտերը` անկախ քաղաքական հայացքներից: Եթե երկխոսությունը ունենար իր տրամաբանական ավարտը, ապա մենք այսօր կունենայինք հասարակության մեջ վստահության մթնոլորտ, որը հերթական ընտրություններին կապահովեր բարձր քվե և ռեալ գնահատական:
– Հայ ազգային կոնգրեսը քանիցս փորձ արեց վերադառնալ երկխոսության սեղանին:
– Երբ երկխոսություն են սկսում և տարբեր շահարկումներից, տարբեր քննարկումներից և հատկապես իշխանական թևի տարբեր քարկոծումներից հետո գալիս են, և իրենց իսկ պահանջով պատվիրակության տեսքով իշխող կոալիցիան, իշխանությունը նստում է կլոր սեղանի շուրջ և հարցեր քննարկում, այնտեղ հավասարության սկզբունքով ցանկացած հարց ենթակա է քննարկման, այդ թվում` նաև հրաժարականներ և այլն: Դրանից հետո գալիս է մի պահ, որ ինչ-ինչ երիտասարդներ առանց պատճառաբանության ընդհարվում են մեր ոստիկանության հետ և դա դարձնում են հիմք սկսված բարձր մակարդակի գործընթացը վիժեցնելու: Դրանից հետո կատարված քայլը վիժեցնելու հետ համարժեք չէր, և երկխոսությունը առկախելը ճիշտ չէր: Եթե քաղաքական ուժերը երկխոսում են և օրակարգն ազատ է, չեմ կարծում, որ կարելի էր երկխոսությունը առկախել և մտնել հանրահավաքային փուլ, այն պարագայում, երբ երկխոսության հիմքն այն էր, որ հավաքներից անցնեին երկխոսության և բոլոր հարցերին ժողովրդի առջև տան բաց գնահատական: Երկխոսությամբ քայլ կատարվեց հասարակությանը նախապատրաստելու, ձևավորելու, որ իշխանությունը պատրաստ է հետքայլ կատարել իր դիրքերից և ընդդիմության հետ հավասար խոսել:
– Ձեր կուսակիցներն ասում են, որ իշխանությունը երբեք չի կարող պարտվել: Այս ամենը դուք գնահատում եք պարտությո՞ւն:
– Ես չեմ համարում պարտություն, որովհետև այստեղ շահողը հասարակությունն է, և մենք տեսանք դրա արդյունքները: Թեպետ տրամաբանական ավարտին չհասանք, բայց հանրության մեջ այն վստահությունը որ կա, մեր բոլորի` ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության հաղթանակն էր: Իմ կարծիքով` այն լարվածությունը և ամեն ինչը սևացնելու արդյունքում գրգռված հասարակություն ունենալը մեզ դեպի լավը չէր տանելու: ՀԱԿ հանրահավաքները ցույց են տալիս, որ այն ընդվզումը, որ կա, որին հասցրել էր ընդդիմադիր որոշակի թևը, այսօր չկա: Ժողովուրդը սպասում է հերթական ընտրություններին, որպեսզի իր գնահատականը տա:
– Բայց երկրում փոփոխություն առաջացնելու ցանկությունը չի նվազել, այլ ընդհակառակը` 2008 թվականից սկսած ավելացել է:
– Ես համամիտ եմ որոշակի տեսակետների հետ: Տնտեսական ճգնաժամի պարագայում մենք ունեցանք սոցիալական ծանր իրավիճակ: Բավական լուրջ ջանքեր գործադրվեցին, որ երկիրը այդ ճգնաժամին կարողանա դիմակայել: Արդյունքում եղավ այն, որ սոցիալական որևէ ծրագիր չկրճատվեց, և գոնե մեկ ամիս թոշակը կամ նպաստը չուշացվեց: Այս բյուջեով մենք նախատեսել ենք սոցիալական ծրագրերի տեսքով որոշակի առաջընթաց, որը այս պարագայում նույնպես առաջքայլ է: Չեմ ասում, որ դրանով մեր ժողովուրդը պետք է բավարարվի և դրանով նվազագույն կենսամակարդակը ապահովենք: Այս խնդիրը պետք է նայել նաև այլ տեսանկյունից: Մենք 2008 թվականից տարածաշրջանում հայտնվեցինք մի իրավիճակում, երբ ակտիվ գործընթացներ եղան` Թուրքիայի, Սիրիայի հետ կապված: Մենք տարածաշրջանում միակ երկիրն էինք, որ այս չափով շրջափակման և ճնշումների մեջ ենք, բայց ի պատիվ մեր ժողովրդի, մենք կարողանում ենք դիմակայել: Պետք է նաև համարձակ քայլերը կատարելու առումով որոշակի նպաստավոր պայմաններ լինեն, և այդ պայմանները պետք է լինեն թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում: Եթե ներքաղաքական կյանքում ընդամենը խարդավանք է և քո սխալների վրա իրենց դիվիդենտները և իմիջ հավաքելու խնդիրն է, նկատի ունեմ իշխանությանը, չեմ կարծում, որ ժողովրդի հանդեպ դա ազնիվ է: Ես կողմ եմ, որ կարողանանք խնդիրները բարձրաձայնել, և երկրի նախագահը որդեգրել է հենց այս ճանապարհը:
– Բոլոր խնդիրների ակունքը շարունակում է մնալ լեգիտիմությունը և լեգիտիմության մակարդակը: Մենք 2012-ից սկսած լուրջ խնդիրներ ենք ունենալու արտաքին պարտքի սպասարկման հետ կապված: Մենք այն սահմանին ենք, որ մեր բյուջեն ընդունակ չէ այդ պարտքը սպասարկել: Այս խնդիրները հնարավոր չէ լուծել, քանի դեռ մենք չենք կարողացել իշխանության լեգիտիմության խնդիրը լուծել: Մյուս կողմից՝ արտաքին քաղաքական մարտահրավերները շարունակում են դամոկլյան սրի պես կախված մնալ մեր երկրի գլխին՝ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, թե՛ ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Մենք ամեն օր լսում ենք զինադադարի խախտման հարյուրավոր դեպքեր, որ մեզ հիշեցնում է նոր պատերազմի վերսկսման հնարավորության մասին: Եթե ներսում մեր դիմադրողականությունը չկարողանանք ամրացնել և չունենանք անհրաժեշտ լեգիտիմության չափ, որ ժողովուրդը վստահ կզգա, որ ինքը իսկապես ներկայացված է իշխանության մեջ, ի՞նչ եք կարծում, այս մարտահրավերներին կկարողանանք դիմակայել:
– Խնդիրը պետք է վերլուծել այլ հարթության մեջ: Մենք պետք է ապահովենք 2012թ. համապետական ընտրության լեգիտիմությունը և պետք է լեգիտիմ ընտրված Ազգային ժողովով գնանք դեպի նախագահական ընտրություններ: Սա անհերքելի փաստ է: Մենք դրա բոլոր նախադրյալները և հիմքերը պատրաստել ենք, և կան:
– Ուզում եք ասել, որ ժողովրդի մեծամասնությունը քվե է տալու ՀՀԿ-ի՞ն:
– Մենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարեցինք և ընտրեցինք նոր Ընտրական օրենսգիրք` նոր գաղափարախոսությամբ և տրամաբանությամբ, որը գրեթե բացառում է կեղծիքների հնարավորությունը:
– ՀՀԿ-ում կան մարդիկ, որ օրենքը մի կողմ կդնեն և կգնան այն կեղծիքներին, որոնք ավանդաբար ընդունված է:
– Ընտրական օրենսգրքի այս գաղափարախոսությունը և այս Ընտրական օրենսգիրքը մի փոքր տարակուսանք է առաջացրել նաև իշխանական թևում: Այնտեղ կան դրույթներ, որոնք պետք է ոչ միայն կատարել, այլ եթե նույնիսկ անզգուշության պատճառով շեղում կատարվի, ապա դա ազդելու է հենց իշխանության և այն անձանց վրա, ովքեր սխալը կատարել են: Քվեաթերթիկների այն ցուցակները, որոնք տրամադրել է հանձնաժողովը, թույլ ենք տվել, որ ընդդիմադիր թևը ներկայացնող վստահված անձը նստի և հսկողություն սահմանի, թե ում տրվեց այդ քվեաթերթիկը, թույլատրել ենք տեսախցիկային տեսաձայնագրումը, որը չի վտանգում այն պարագայում, եթե չի վտանգվում քվեարկության գաղտնիությունը:
– Պարոն Սահակյան, շատ պատգամավորներ` Լևոն Սարգսյան, Սամվել Ալեքսանյան և այլք, իրենց շրջաններում սանձարձակ են իրենց դրսևորել, ծեծել են լրագրողների, որոնց թույլ չեն տվել իրականացնել իրենց պարտականությունները… Որևէ օրենք չի կարող ապահովել արդար ընտրություն, եթե չկա քաղաքական կամք, եթե չկա հանձնարարություն գործել այն դաշտում, որը երկիրը կդնի ապահով ընթացքի մեջ:
– Օրենսդրական բարեփոխման հետ կարևոր է նաև քաղաքական կամքը: Միևնույն ժամանակ, այս հարթության մեջ պետք է դնել նաև հասարակության վստահության մթնոլորտը: Կարող է լինել բավարար օրենսդրական դաշտ, կարող է լինել քաղաքական կամք, բայց հասարակական վստահության մթնոլորտի բացակայության պարագայում մենք ունենանք հետընտրական այլ պրոցեսներ: Ընտրական գործընթացի մեջ շատ կարևոր են նախընտրական և հետընտրական պրոցեսները, որոնք մի պարագայում ստեղծում են այդ պարարտ հողը, որ ժողովուրդը գնա իր ձայնը տա: Այս ամենի համար պետք է քաղաքական կամք, որ իշխանությունը կարողանա դա ապահովի: Հետընտրական պրոցեսների ընթացքում քաղաքական կամք պետք է հատկապես ընդդիմադիր թևը ներկայացնող քաղաքական ուժերին, որոնք պետք է այդ պարագայում կարողանան իրական գնահատական տալ: Եթե անհաջողության են մատնվել, ապա կարողանան այդ անհաջողությունը փնտրել իրենց մեջ, այլ ոչ թե բարդեն իշխանության վրա: Սա մեր քաղաքական դաշտում խորը արմատներ գցած իրողություն է. պարտվողը միշտ էլ սևացնում է:
– Հանրապետական կուսակցությունը պատրա՞ստ է պարտվել և երկրում փոքրամասնություն լինել:
– Այո՛, Հանրապետական կուսակցությունը այսօր որպես իշխանություն ներկայացնող քաղաքական ուժ պատրաստ է անցկացնել նորմալ, հայ ժողովրդին հարիր ընտրություններ:
– Ո՞րն է հայ ժողովրդին հարիր ընտրությունը: 2003 թվականի խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն ասում էր, որ մեր մենթալիտետը տարբեր է, և մեզ մոտ թույլատրելի են նաև նման ընտրություններ:
– 2007 թվականին, երբ տեղի ունեցավ ԱԺ վերջին համապետական ընտրությունը, ՀՀԿ-ն հավաքեց բացարձակ մեծամասնություն: Որևէ մեկը կասկածի տակ չդրեց այդ ընտրությունները: Այդ ժամանակ կար հասարակական ակտիվություն և լուրջ կեղծիքներ չեն եղել, բացի մեկ երկու դեպքերից: Հասկանալով երկրի առջև ծառացած այն լուրջ խնդիրները, մենք գնացինք նաև կոալիցիոն կառավարության սկզբունքով: Սա նույնպես ժողովրդավարության դրսևորում էր: Մենք պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք և այնպիսի քաղաքական կամք դրսևորենք, որ չլինեն արջի ծառայություններ և մեկ-երկու մասնավոր դեպքերը էապես չեն ազդում ընտրությունների վրա:
– Կարող ենք մատնանշել 2008 թվականի ընտրությունները և դրան հետևած իրադարձությունները` մարտի 1, Երևանի քաղաքապետի ընտրություններ և այլն:
– 2008-ի նախագահական ընտրությունների հետընտրական պրոցեսները մի փոքր այլ ուղղությամբ գնացին: Պարտվող կողմը ամեն գնով փորձում էր իր խնդիրը լուծել այլ ճանապարհով: Պարտվող կողմը ժողովուրդը չէր, այլ նախագահի մյուս թեկնածուն, և ժողովուրդը կուրորեն հավատում էր նրան: Պարտվողը այն 10 զոհերն էին, որոնց կորուստը բոլորիս կորուստն էր, որովհետև այդ մարդիկ միգուցե իրենց անկախ նպատակների համար եկել էին որոշակի քայլ անելու: Մենք պետք է դասեր քաղենք, չպետք է հետ նայենք ու ծանրանանք այդ խնդրի վրա, պետք է դասեր քաղենք, որ նոր մարտիմեկեր չլինեն: Եթե մենք հավաքել ենք այդքան ձայն, ուրեմն դա մեր գործերի ռեալ գնահատականն է: Ես` որպես քաղաքական ուժ գտնում եմ, որ հատկապես շրջաններում քաղաքական ուժերը իրենց ակտիվությունը դրսևորում են ընտրություններից 7-8 ամիս առաջ, դա ժողովրդի հանդեպ ազնիվ չէ: Կան բազում խնդիրներ որոնք ռեալորեն կարող են բարձրացվել նույնիսկ արտախորհրդարանական ուժերի կողմից և իշխանության ուշադրությունը կհրավիրեն և կստանան իրենց լուծումը: Մեր ժողովրդի պատկերացումների հանդեպ իմ գնահատականը բարձր է: Մեր ժողովուրդը առաջվա միամիտ ժողովուրդը չէ, եթե նրան ընտրակաշառք են տալիս, թող վերցնեն, բայց իրենց խղճի մտոք գնան ընտրության: Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, որ նախընտրական և հետընտրական պրոցեսները, որ ուղիղ հավասարազոր են ընտրության օրը կատարվող բուն ընտրական պրոցեսներին, լինեն բարոյականության և խղճի սահմաններում, որովհետև դրանից հետո երկիրը շատ երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ այդ ճգնաժամից, որը ավելի շատ բարոյական, հոգեբանական վնաս է հասցնում, քան տնտեսական:
– Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ԲՀԿ-ն: ԲՀԿ հետ միասնական ցուցակով կամ առանձին գնալու ի՞նչ պատկերացում ունեք, որքանո՞վ դա շահեկան կլինի ՀՀԿ-ին և որքան ձայներ կկորցնի ՀՀԿ-ն, եթե ԲՀԿ-ն որոշի այնուամենայնիվ առանձին գնալ:
– Իհարկե, քաղաքական դաշտում այդ ինտրիգը շարունակում է մնալ արդիական: Մեր քաղաքական թիմը ներկայացնող քաղաքական գործիչները հայտարարել են, որ նմանատիպ խնդիր դեռևս մեր կուսակցության մեջ քննարկված չէ: Եվ միասնական ցուցակով գնալը, և առանձին գնալը ունեն և պլյուսներ, և մինուսներ, և քանի դեռ այդ որոշումը չի կայացվել, ապա գնահատական տալը կնշանակի կանխավ որոշակի ուղղորդում:










































