Դաժան սկեսրոջ կալանավորումը վերահաստատվել է: «Առաջին լրատվական»-ին այս մասին ասաց Մարիամ Գևորգյանի փաստաբան Մնացական Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ քրեական գործ էր հարուցվել 2010թ. հոկտեմբերի 25-ին, իսկ 2011թ. մայիսի կեսերին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Հայկանուշ Միքայելյանը: «Արդեն մի քանի օր է, ինչ Հայկանուշը Հայաստանում է: Եղան մի շարք քննչական գործողություններ: Երեկ վերահաստատվեց, որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին որոշումը»,- նշեց փաստաբանը:
Ըստ Մ. Սարգսյանի` Հայկանուշ Միքայելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 217 և 112: «Առաջինը` առանձին դաժանությամբ վերաբերմունք և երկրորդը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Փաստաբանը հայտնեց, որ դեռ շատ քննչական գործողություններ կան անցնելու:
Տեղեկացնենք, որ Մարիամ Գևորգյանին ծնողները կնության էին տվել Դավիթ Զիրոյանին: Նրանք տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ, որտեղ լարված հարաբերություններ էին ստեղծվել ընտանիքի և Մարիամի միջև: Այնուհետև Մարիամի նկատմամբ սկսվել էին խոշտանգումները՝ դաժան ծեծեր, նվաստացումներ, հոգեբանական ճնշումներ: Այսօր Մարիամի մարմնի վրա դեռ դաջված են տաք արդուկի, պատառաքաղների հետքերը:











































