«Բաբաջանյան Ֆեստ» փառատոնի փակմանը` դեկտեմբերի 19-ին, երգչուհի Էմմին կկատարի Առնո Բաբաջանյանի ամենահայտնի երգերից մեկը` «Կամուրջները»: Այս մասին ասուլիսին տեղեկացրեց անձամբ երգչուհին:
Ինչպես ասաց Էմմին`կոմպոզիտորի երգերը բազմիցս են հնչել, բայց առաջին անգամ դրանք այստեղ կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
«Շատ ուրախալի է, որ երգիչները հնարավորություն ունեն կենդանի հնչողությամբ ցույց տալ, թե ինչքան գեղեցիկ են մեր էստրադային հին երգերը»,- հավելեց երգչուհին` ընդգծելով, որ իր համար շատ բարդ է եղել Ա. Բաբաջանյանի «Կամուրջները» կատարելը:
«Բաբաջանյան երգելը հեշտ չէ, շատ բարդ է իրականում: Բազմիցս երգել եմ «Կամուրջներ» երգը, և ավելի լավ էր ամբողջ համերգի ընթացքում երգեի շատ ուրիշ երգեր, քան մեկ անգամ «Կամուրջները»,- հավելեց երգչուհին:
Երգիչ Մարատ Հայրապետյանը, որը նույնպես ելույթ է ունենալու «Բաբաջանյան Ֆեստի» գալա համերգին, միանալով Էմմի խոսքերին` հավելեց, որ յուրաքանչյուրի համար նախ` մեծ պատասխանատվություն, ապա` գերագույն հաճույք է երգել Առնո Բաբաջանյան, քանի որ նրա երգերը «հուզառատ են, հոգեթով»:








































