Սիրիայի ընդդիմադիր խմբերը, համակարգող հանձնաժողովները, հեղափոխական խորհուրդները և այլ ընդդիմադիր կառույցներ, որոնք գործում են Սիրիայի տարբեր քաղաքներում, միավորվել են մեկ միասնական կազմակերպության` «Ազգային խորհդի» մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:
«Սիրիայում նոր ընդդիմադիր միության ձևավորումը տեղի է ունեցել սիրիական տարածքում գործող հեղափոխական կազմակերպությունների մեծամասնության հաջող միավորման արդյունքում և ներքին ընդդիմության գործունեության ակտիվացման ֆոնին»,- հայտարարել է Ազգային խորհրդի քաղբյուրոյի անդամ, Շվեյցարիայում Սիրիայի նախկին դեսպան Բասամ Ալ-Օմադին:
Սիրիայի Ազգային խորհուրդը հայտարարել է, որ Թունիսի մայրաքաղաքում դեկտեմբերի 16-18-ը տեղի է ունենալու իր կողմնակիցների մասնակցությամբ ամենամեծ համագումարը:
Ինչպես հայտնել է Թունիսում ՍԱԽ-ի ներկայացուցիչ Աբդալլա Թուրկմանին, Բուրհան Գալյունի նախագահությամբ համագումարի աշխատանքներին մասնակցելու են Խորհրդի մոտ 200 անդամներ, ինչպես նաև մի շարք արաբական երկրների դեսպաններ, կառավարող կազմակերպությունների և սիրիական մտավորականության ներկայացուցիչներ, որոնք ապրում են Սիրիայի տարածքից դուրս:
Սիրիայի Ազգային խորհուրդը մինչև վերջին ժամանակներս համարվում էր սիրական ընդդիմության ամենամեծ և ներկայացուցչական միությունը: Նրա կազմի մեջ են մտնում 230 ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք ապրում են Սիրիայում և նրա տարածքից դուրս: Բուհան Գալյունի գլխավորությամբ դրա ձևավորման մասին հայտարարվել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում: Գալյունը մինչև վերջին ժամանակներս կողմ էր հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտից մինչև հիմա Սիրիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարաները պահանջում են նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը և սոցիալական բարեփոխումների անցկացում: ՄԱԿ տվյալներով՝ Սիրիայում այս ցույցերի հետևանքով արդեն մահացել է 5000 մարդ:










































