Բնապահպանության նախարարությունը սոճիներ հատելու թույլտվություն չի տվել: Անդրադառնալով նախատոնական շրջանում Սևանում սոճիների հատումների մասին հրապարակումներին`«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը: Նա նշեց, որ նախատոնական շրջանում որևիցե մեկին թույլտվություն չի տրվել սոճիներ հատելու համար:
Աշոտ Ավալյանը տեղեկացրեց, որ 2005 թվականից ջրի մակարդակի բարձրացման հետ կապված պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվում են մաքրման աշխատանքներ, մինչև 2011թ. անտառահատման և անտառմաքրման աշխատանքները կազմել են 1400 հա:
Բնապահպանության նախարարության ներկայացուցչի համոզմամբ, աշխատանքները շարունակվելու են, որովհետև ջրի բարձրացմանը զուգընթաց ափերը պետք է մաքրվեն անտառածածկ տարածքներից: «Բոլորովին վերջերս Սևան մանրաձուկ բաց թողնվեց: Մենք կարող ենք ցույց տալ, թե ինչպիսի հոգատարությամբ և ինչպիսի պատասխանատվությամբ են կատարվել մաքրման աշխատանքները»,- նշեց Ա. Ավալյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է նախարարությունից գաղտնի ծառահատումներ իրականացվեն, պատասխանեց, որ Սևան ազգային պարկի տարածքն ընդգրկում է մտավորապես 2500 հա տարածք, իսկ Սևանի ավազանում համայնքները շատ են: «Մարդիկ հնարավոր է առանձին հատումներ կատարեն, բայց կազմակերպված հատումները բացառվում են, մասսայական ծառահատումներ չեն իրականացվում»,- ամփոփեց Աշոտ Ավալյանը:









































