Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի` 2011 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
– 2011 թվականին Կազանի Եվրոպայի առաջնությունում Արայիկ Միրզոյանը հաջող ելույթ ունեցավ` գրավելով երկրորդ տեղը, իսկ թուրք մարզիկը, առանց ֆիքսելու ծանրաձողը, անարդարացիորեն դարձավ չեմպիոն: Գևորիկ Պողոսյանը, Էլեն Գրիգորյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:
Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած Աշխարհի պատանեկան առաջնությունում Գոռ Մինասյանը դարձավ Աշխարհի չեմպիոն: Մալայզիայի Աշխարհի երիտասարդական առաջնությունում նա գրավեց 4-րդ տեղը:
Այնուհետև ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը խոսեց Փարիզի Աշխարհի առաջնության մասին:
– Փարիզի Աշխարհի առաջնությանը պատշաճ կերպով ներկայանալու համար Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կազմակերպել էր ուսումնամարզական հավաքներ, կատարվել էին վերականգնողական աշխատանքներ, սակայն սպասելիքները չարդարացան: Հռիփսիմե Խուրշուդյանը, ով ստացել էր ցավալի վնասվածք, Մոսկվայում վիրահատության է ենթարկվել, իսկ Մելինե Դալուզյանն ունի ծնկի հետ կապված խնդիրներ: Տիգրան Մարտիրոսյանը 168 կիլոգրամանոց ծանրաձողը պոկելուց հետո ստացավ ուսի վնասվածք, Ռուբեն Ալեքսանյանը 2011թ. Եվրոպայի առանության ժամանակ ստացած վնասվածքից հետո առաջին անգամ էր դուրս գալիս հարթակ: Մարզիկների մոտ կար կուտակված լարվածություն: Այս տարի ունեցանք 55 մեդալ` 17 ոսկի, 13 արծաթ և 25 բրոնզ, սակայն ես դժգոհ եմ 2011 թ. մեր ծանրամարտիկների ցույց տված արդյունքներից:
– Վնասվածքները պատահականությա՞ն, թե՞ բժշկական սխալ սպասարկման արդյունք էին:
– Բշկական սպասարկումը կապ չունի: Վնասվածքներն անհաջողության արդյունք էին. մենք գործ ունենք երկաթի հետ:
Սամվել Խաչատրյանն անդրադարձավ նաև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի` Գևորիկ Պաղասյանին և Էլեն Գրիգորյանին որակազրկելու որոշմանը, 2012 թվականին կայանալիք մրցումներին և Նազիկ Ավդալյանի վնասվածքին:
– Մենք պահանջել ենք կրկնել ստուգումը, այս անգամ` B խմբի անալիզներով: Միջազգային ֆեդերացիան պատասխանել էր, որ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 10-ն ստուգման պատասխանները հայտնի կլինեն, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել:
2012 թվականին Անթալիայում կկայանա նաև Եվրոպայի առաջնությունը, որին մեր առաջատար ծանրորդները չեն մասնակցի, քանի որ մինչև Օլիմպիադան չեն հասցնի վերականգնվել: Մարզչական փոփոխություններ չեն լինի:
Նազիկ Ավդալյանն առաջիկա 2-3 տարում հանդես գալ չի կարող, քանի որ վնասվածքը շատ ծանր է, Մենք նրան առաջարկել ենք զբաղվել մարզչական գործունեությամբ:
Վստահ եմ, որ 2012 թվականին գերազանցելու ենք բոլոր սպասելիքները: