Ինտերնետային www.armatner.am հասցեում գործում է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի կայքը:
Համացանցը համալրվել է եռալեզու տեղեկատվության աղբյուրով հիմնադրամի ծրագրերի մասին, որոնցից առանցքայինն է հայկական հնադարյան գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերածնունդը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Օձունի եկեղեցու վերականգնման ծրագիրն աննախադեպ է անվանել, քանի որ դրա իրագործման գումարը հատկացվելու է մասնավոր հիմնադրամի կողմից:
Կայքում տեղադրված են վավերագրական ֆիլմեր Օձուն գյուղի և այնտեղ գտնվող սրբատեղիի մասին, որի խորանի ներքո, ըստ ավանդության, թաղված է Հիսուս Քրիստոսի բարուրաշորը:
Առաջիկայում www.armatner.am կայքի հիմնական բովանդակությունը կդառնա Օձունի եկեղեցու վերականգնումն իրականացնող շինարարական կազմակերպությունն ընտրելու մրցույթի մասին տեղեկատվությունը, ինչից հետո փուլ առ փուլ տեղեկություններ կտրամադրվեն բուն աշխատանքների վերաբերյալ, որոնք կտևեն մոտ 3 տարի:
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կպատմեն կայքի այցելուներին հայ ժողովրդի կյանքում Օձունի եկեղեցու ունեցած դերի մասին:
Նախատեսվում է, որ հիմնադրամի աշխատանքի հաջորդ փուլը կլինի հանրապետության տարածքում պատմական հուշարձաններից այնպիսի մեկի վերականգնումը, որը կապված է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պատմության հետ:










































