Պաղեստինի ինքնավարության ղեկավար Աբու Մազենը հայտարարել է, որ դեմ չի լինի, եթե Պաղեստինի պետության ստեղծումից հետո ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվեն Հորդանանի Արևելյան ափում:
Իսրայելցի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ Աբու Մազենը հայտարարել է, որ ինքը նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի հետ բանակցությունների ժամանակ առաջարկել է «պաղեստինյան տարածքներից իսրայելյան զորքերի դուրս բերումից հետո այնտեղ տեղակայել ՆԱՏՕ-ի զորքերը»:
Իսրայելցի քաղաքական գործիչների պատվիրակությունը Պաղեստին է այցելել` փորձ անելով վերակենդանացնել խաղաղության գործընթացը, որն այս պահին լիակատար փակուղում է: Այս այցելությունն այսպես կոչված «Ժնևյան նախաձեռնության» ծրագրի շրջանակներում է տեղի ունեցել: Այս նախաձեռնությունը իսրայելցի ձախակողմյան ուժերի ծրագիրն է, որով նախատեսվում էր, որ իսրայելյան ուժերը հետ են քաշվելու Պաղեստինի տարածքից` մինչև1967թ. ՄԱԿ-ի համապատասխան բանաձևով նախանշված սահմանները: Այս ծրագիրը ներկայացվել է 2003թ. դեկտեմբերին և նախատեսում էր նաև Երուսաղեմի բաժանում, փախստականների վերադարձի իրավունքի ճանաչում: