Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, այսօր ևս անցկացրին «Սևազգեստ մայրեր» բողոքի ակցիան: Նրանք անհանգստացած են, որ բանակում անօրինություններն ու սպանությունները շարունակական բնույթ են կրում: Նրանց պահանջը մեկն է. «Բանակում հաստատել օրինական միջավայր»:
Այսօր նրանց ակցիային էին միացել «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդները: Ակցիան անցավ առանց միջադեպերի:
Կառավարության շենքի առջև իրենց բողոքն էին հայտնում Դալմայի այգիների համար պայքարող բնապահպանները: Նրանք իրենց բացականչություններով, պաստառներով պահանջում են ՀՀ վարչապետի հետ հանդիպում` իրենց խնդրին վերջնական լուծում տալու նպատակով:
«Հայաստանում ներքին ցեղասպանություն է»,- բացականչում էին կառավարության շենքի առջև հավաքված անձինք:











































