Այնպիսի հանրահավաքներ, ինչպիսիք տեղի ունեցան վերջերս` Ռուսաստանում կայացած Պետդումայի ընտրություններից հետո, այդ երկրում վերջին 10 տարիներին չէին եղել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Մոսկվայից վերջերս վերադարձած Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Սա Ռուսաստանի համար իրավիճակի լուրջ, կտրուկ փոփոխություն է: Ճիշտ է, ավտորիտար լեգիտիմ առաջնորդն այլ բան է, ավտորիտար ոչ լեգիտիմ առաջնորդը` լրիվ այլ բան, բայց դժվար է խոսել Ռուսաստանում հեղափոխության կամ արմատական այլ գործողությունների մասին: Եթե իշխանությունները որոշակի զիջումների գնան, ապա ոչ այն պատճառով, որ Արևմուտքն է պարտադրում:
Առհասարակ, Ռուսաստանում քաղաքական ընդդիմություն չկա, հանրահավաքների ժամանակ այնտեղ կանգնած էին պոետներ, փողոցային խուլիգաններ, որոնք ձևավորված ընդդիմություն չեն: Կձևավորվի Ռուսաստանում ընդդիմություն, թե ոչ` դժվար է ասել: Սա մեծ հարց է: Դրա համար էլ արձագանքը խիստ քաոսային էր և ոչ` որակավորված»,- նկատեց նա:
Քաղաքագետը կարծում է, որ իրավիճակը` կապված բարեփոխումների, «Եդինայա Ռոսիա»-ի հետագա գործողությունների հետ, բոլորովին այլ կլինի:
«Էլ չեմ ասում իրավիճակի` նախագահական ընտրությունների վրա ունեցած ազդեցության մասին»,- ասաց Իսկանդարյանը:
Անդրադառնալով հայաստանյան իրականությանը` քաղաքագետը նկատեց, որ ի տարբերություն Ռուսաստանի` այստեղ ցույցերին պոետներ ու նկարիչներ չեն մասնակցում:
«Իհարկե, Հայաստանում գոյություն ունի քաղաքացիական հասարակություն` իր բոլոր թերություններով հանդերձ: Թեև ռուսաստանյան դեպքերը իրենց ազդեցությունը կունենան Հայաստանում, սակայն նախընտրական քարոզարշավը Հայաստանում կանցնի այնպես, ինչպես անցել է միշտ»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունները
Ռուսաստանում տեղի էին ունեցել դեկտեմբերի 4-ին: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը չէր հաղթահարել 50 տոկոսանոց շեմը:











































