Թուրքական Aktif Haber կայքի փոխանցմամբ՝ Եվրոպական հարցերով պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունման կապակցությամբ պատրաստել է «ճանապարհային քարտեզ».
«Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳՆ-ում տվյալ խնդրի շուրջ տեղի են ունեցել դռնփակ խորհրդակցություններ, ինչի արդյունքում պատրաստվել է համապատասխան «ճանապարհային քարտեզ»։ Այդպիսի օրինագծերը երկար կյանք չունեն և կանխատեսվող ժամանակ են ի հայտ գալիս։
Առաջիկայում Ֆրանսիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և այս ամենը հիշեցնում է նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից ղեկավարվող նախընտրական կամպանիա։ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ իր հարաբերություններին»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը դիտարկելու է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծի հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքողները կպատժվեն մեկ տարի ազատազրկմամբ և 45,000 եվրո տուգանքով։










































