ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց թիվ 306 բանաձևը: Դրանով թուրքական իշխանություններին կոչ է արվում երկրի քրիստոնեական համայնքներին վերադարձնել զավթված եկեղեցիները, վանքերը և այլ հոգևոր ինստիտուտներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալչըն:
Նա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների ընդունած բանաձևին մեծ կարևորություն չի տալիս, քանի որ Եվրամիությունն ավելի վաղ այս թեմայով նույն կոչով հանդես էր եկել և պարտավորեցրել Թուրքիայի իշխանություններին ետ վերադարձնել հայկական եկեղեցական գույքը: Ըստ նրա` Եվրամիության կոչն ավելի ծանրակշիռ է:
«Վերջին երկու տարվա ընթացքում մեկ առ մեկ վերադարձվում են այն եկեղեցիները, որոնք պատկանել էին հայերին»,- տեղեկացրեց նախկին խմբագիրը`կարևորելով մեկ այլ կարևոր փաստ. եկեղեցական գույքը չունի փաստաթղթեր: Նա զարմանքով նշեց, որ եթե չկա փաստաթուղթ, որ եկեղեցիները զավթվել են, ինչպե՞ս պետք է, օրինակ, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ետ վերադարձվի: Նա սա շատ հիմքային խնդիր է որակում:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևին` Արիս Նալչըն ասաց, որ դրանով սահմանվում է, որ բռնազավթված գույքը պետք է վերադարձվի Թուրքիայի հայ համայնքին:
«Թուրքիայում հայ համայնքն ունի 48 հայկական հիմնադրամ, որոնք բոլոր եկեղեցիների, վանքերի, դպրոցների տերն են»,- մեկնաբանեց Ա. Նալչըն`հավելելով, որ հիմնադրամները կկարողանան ստանձնել բոլոր հայ եկեղեցիների և հայերին պատկանող գույքի պահպանությունը և վերականգնումը:











































