2012 թ. հունվարի 1-ից 2011 թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով:
Դրա հետ կապված Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012 թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար:
2012 թ. հունվարի 1-ից օրենքին համապատասխան ՀՀ-ում վարվելու է ԱԱՀ վճարողների հաշվառման համակարգ` ռեգիստր: ԱԱՀ վճարողը դուրսգրվող հարկային հաշվում պարտադիր պետք է լրացնի ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը:
Հարկային հաշիվները էլեկտրոնային եղանակով դուրս գրող անձինք պետք է 2011 թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքից ներբեռնեն հարկային հաշիվների դուրսգրման «Ի-ինվոյսինգ» («e-Invoicing») ծրագրի նորացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս ԱԱՀ վճարողներին հարկային հաշիվներում լրացնել նաև իրենց ԱԱՀ վճարողների հաշվառման համարները:
Հարկային մարմնից ձեռք բերված ձևերով հարկային հաշիվներ (թղթային տարբերակով) դուրս գրող անձինք պետք է 2011 թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնից ձեռք բերեն հարկային հաշիվների այնպիսի ձևեր, որոնցում լրացվում է նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը:











































