Եվրախորհուրդը ընդունել է բանաձև, որում կոչ է անում անցկացնել Ռուսաստանի Պետդումայի նոր, ազատ ընտրություններ: Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել մինչև նոր ընտրությունները գրանցել բոլոր ընդդիմադիր կուսակցությունները:
Բանաձևի ընդունման կապակցությամբ պատգամավորները դիմել են Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին` կոչ անելով Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը կայանալու է դեկտեմբերի 14-15-ը, բարձրացնել ընտրությունների թեման:
Պատգամավորները նաև կոչ են արել անհապաղ հետաքննել ընտրություններում գրանցված խախտումների մասին բոլոր հաղորդագրությունները: Նրանք հայտարարել են, որ գնահատում են ընտրություններից հետո սկսված ցույցերը որպես ժողովրդի ազատ կամքի դրսևորում և քննադատում են ոստիկանության ուժերով դրանք ցրելը:
Մինչդեռ, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի ընտրությունները և բողոքի զանգվածային ակցիաները չեն քննարկվելու Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, քանի որ դրանք ընդգրկված չեն օրակարգում:
Հիշեցնենք, որ Պետդումայի վեցերորդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին: Ձայների վերջնական հաշվարկի արդյունքով հաղթել է Единая Россия կուսակցությունը` ստանալով 49.32 տոկոս ձայն: Սակայն ընտրությունների արդյունքը չի բավարարել ռուսներին: Շատերը հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են:










































