«Մեզ մոտ հին ու նոր դեմքեր չկան, բոլորը նույնն են: Ոչ ոք ոչ մի տեղ չի հեռացել, որպեսզի վերադառնա: Յուրաքանչյուր շրջանում մինչև ընտրություններ որոշակի խմորումներ կգնան, և կհայտնվեն անուններ, որոնք նույն մասսայից են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
Ինչպես ներկայացրեց Հ. Մեսրոպյանը` նախընտրական շրջանում շատերը սկսում են քաղաքական ինտրիգներ լարել, որպեսզի սեփական գինը բարձրացնեն, և ցանկացած դաշինքի վերաբերյալ հայտարարություն ուղղված է այս կամ այն ուժի գաղափարական դիրքի բարձրացմանը:
Ըստ փորձագետի` նաև կլինեն հայտարարություններ, որոնք խառնաշփոթ կառաջացնեն. «Մի կողմից` կասվի, թե թաթար-մոնղոլական պետություն է, հետո կոալիցիայից մեկին առաջարկ կարվի: Ոչ մի լուրջ բան չկա, դա չի արվում երկրի զարգացման համար»,- նշեց Հ. Մեսրոպյանը:
Նա խորհուրդ տվեց վերցնել նախորդ տարիների ընտրությունները և ընդամենը փոխել մի քանի անուններ. մնացածը, ըստ նրա, նույնն է լինելու. «Սցենարի հեղինակն առավելապես իշխանությունն է, քանի որ այն ավելի մեծ հնարավորություններ ունի»:
Հ. Մեսրոբյանը նաև նկատեց, որ մոտ 2 տարի առաջ շատ ոգևորված խոսում էին Սինգապուրի զարգացման մասին, որը պետք է Հայաստանի համար օրինակ լիներ: Այնուհետև ՀՀ եկավ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն , որը դասախոսության ժամանակ մի քանի կետով նշեց, թե ինչ պետք է անի Հայաստանը. մասնավորապես` պետք է վերացնի կաշառակերությունը և այլն, բայց արդեն մոտ 1-1.5 տարի է` Սինգապուրի օրինակի մասին մամուլում ոչինչ չկա:
«Խոսում են Սինգապուրից, բայց թռիչք անելու ցանկություն չունեն»: