Վերջերս Ռուսաստանում բուռն քննարկումներ էին սկսվել «Գազպրոմի» նոր բիզնես կենտրոնի վերաբերյալ: Սանկտ Պետերբուրգում կառուցվելիք այս շինությունն առաջացրել էր պետերբուրգցիների բուռն դժգոհությունը, քանի որ այն կառուցվելու էր Սանկտ Պետերբուրգի կենտրոնում և ունենալու էր 400 մետր բարձրություն, ինչը մի քանի անգամ բարձր կլիներ մնացյալ բոլոր շինություններից: Ի վերջո, որոշում է կայացվել բիզնես կենտրոնը չկառուցել:
Այսօր «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ այն պահից սկսած, ինչ դադարեցվել են բիզնես կենտրոնի կառուցման աշխատանքները, այն իրենց մոտ կառուցելու մասին պատրաստակամություն են հայտնել ինչպես Օմսկի և Վլադիվոստոկի քաղաքային իշխանությունները, այնպես էլ «հարևան Հայաստանը, որը պատրաստ է քննարկել «Գազպրոմի» գրասենյակի կառուցման հնարավորությունը Երևանում»:
Հիմա մնում է միայն գուշակել, թե այս կենտրոնի կառուցումն իրենց՝ ռուսների՞, Բեգլարյանի՞, թե՞ արդեն նորընծա քաղաքապետ, գազպրոմցի Կարեն Կարապետյանի առաջարկն է: