Թուրքական քաղաքական մեքենան ջղագրգիռ վիճակում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը`մեկնաբանելով թուրք նախարարի կողմից ՀՀ նախագահին ուղղված պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ նրա` վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական գործիչները շատ վրդովված են:
«Թուրք քաղաքական գործիչների այն հերթապահ հայտարարությունները, թե պատրաստ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հանդիպում են անթաքույց թերահավատության, մասնավորապես` Հիլարի Քլինթոնի, Սարկոզիի, Ջո Բայդենի կողմից: Այս ամենից հետո, որոշակիորեն կորցնելով ինքնատիրապետումը, թուրք քաղաքական գործիչները անցնում են դիվանագիտական էթիկայի սահմանը` պաշտոնական հաղորդագրություն հղելով ՀՀ նախագահին»:
Բանախոսը սա համարեց անկրթություն և ընդգծեց, որ Հայաստանի կողմից պետք է հնչի համարժեք պատասխան:
«Բաղըշը չթաքցրեց, որ իր հայտարարությունը պաշտոնական է: Այդ հաղորդագրությունն ուներ այլ հասցեատերեր ևս` այն երկրները, որոնք հանդես են գալիս հօգուտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»,- տեղեկացրեց Ռ. Մելքոնյանը` ընդգծելով, որ թուրքական կողմի վրդովմունքն էր առաջացրել նաև Ջո Բայդենի հայաստանյան հայտարարությունը:










































