Իրանում մահապատժի են ենթարկվել ծայրահեղական խմբավորումների 11 անդամ: Այս մասին հաղորդում է Euronews հեռուստաընկերությունը` հղում անելով իրանական IRNA գործակալությանը: Գործակալությունը, մեջբերելով Սիստան և Բելուջիստան նահանգների դատախազ Էբրահիմ Համիդիի խոսքերը, տեղեկացնում է, որ մահապատիժն իրականացվել է այդ նահանգի Զահեդան քաղաքի բանտում: Մահապատժի ենթարկվածները կատարել են մի շարք ծանր հանցագործություններ, ինչպիսիք են բանդիտական հարձակումներ, սպանություններ, մարդկանց առևանգում, զենքի առևտուր:
Այս շրջանի քրեածին իրավիճակը շարունակում է մտահոգել իրանական իշխանություններին: Այստեղ է գործում «Ջունդալլահ» (Ալլահի բանակ) ծայրահեղական կազմակերպությունը, որը վերջերս ստանձնել է հարավարևելյան Չոբահար քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը:
Հավանաբար, այս մահապատիժն ուղղված է քրեածին իրավիճակը որոշակի առումով զսպելուն:
Բացի այդ, այսօր հայտնի է դարձել, որ Ղազվին քաղաքում կախաղան է հանվել մի կին, որը մեղադրվում էր 5 կանանց և մեկ տղամարդու սպանության մեջ, որից հետո հափշտակել էր նրանց ունեցվածքը։