Իշխանությունը շատ վտանգավոր խաղեր է սկսել սփյուռքահայերի նկատմամբ. առայժմ մի կողմ թողնելով մյուս` դաժան օրինակները, անդրադառնանք վերջին դեպքին: Փողերի լվացման և հարկերից չարամտորեն խուսափելու մեջ մեղադրվող և օրերս կալանավորված սփյուռքահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության նախագահ, «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ի («Երևանի ժամացույցների գործարան») 34%-ի բաժնետոմսերի սեփականատեր Նարեկ Հարթունյանի փաստաբանները երեկ հայտնել են իրենց պաշտպանյալի կալանավորման պատճառը. ըստ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի` Նարեկ Հարթունյանի կալանավորման իրական պատճառը սերտ կապ ունի Երևանի Ժամացույցների գործարանում Հարթունյանին պատկանող 34% բաժնետոմսերը վաճառելու գործընթացի հետ. «Ֆրանկ Մյուլեր հայտնի ընկերությունը ցանկանում է դառնալ ժամացույցների գործարանի 100% բաժնետոմսերի տերը, իսկ Նարեկ Հարթունյանը չի պատրաստվում իր բաժնետոմսերը վաճառել (Նարեկին պատկանող բաժնետոմսերն արժեն 8 միլիոն դրամ.- 1in.am) Իսկ մնացած 66%-ը պատկանում են Լևոն Մարկոսյանին, ով բնակվում է Մոսկվայում:
Հարթունյանների ողջ գույքի վրա է արգելանք դրված` «չվճարված» հարկերի պատճառով, ինչը խոչընդոտում է ընկերության գործունեության շարունակմանը և հարկերի վճարմանը` եթե հաստատվի այն: Ըստ քրգործի` Ն. Հարթունյանին պատկանող ընկերությունը չարամտորեն խուսափել է 111 միլիոն հարկերից, սակայն Ն. Հարթունյանը, համաձայն չլինելով ՊԵԿ-ի վերստուգման արդյունքների հետ, դիմել է վարչական դատարան` այդ հարկային փաստաթուղթը վիճարկելու նպատակով: Այ, եթե Վարչական դատարանը հիմնավոր համարեր նշյալ չափով հարկերից խուսափելու հանգամանքը, վարչական ակտը մտներ օրինական ուժի մեջ, և Նարեկ Հարթունյանն իսկապես խուսափեր հարկային պարտավորությունները կատարելուց, այդ դեպքում կալանքը կարող էր արդարացված լինել: Եվ եթե կար հարկերից խուսափելու հիմքով զուգահեռ հարուցված քրգործ, ապա այն պետք է կասեցվեր մինչև վարչական վարույթով ակտ կայացնելը: Բայց այս դեպքում ստացվում է` դեռ քրգործի հիմքը` փաստաթուղթը չկա, մարդկանց կալանավորում են: «Ընկերության տնօրենի, փոխտնօրենի, հաշվապահի ձերբակալությամբ փորձ է արվում ստիպել Հարթունյանին` գնալ իր բաժետոմսերի վաճառքին»,- երեկ կարծիք է հայտնել Ն. Հարթունյանի փաստաբանը: Իսկ եթե Վարչական դատարանն անհիմն համարի ՊԵԿ-ի փաստաթուղթը, կստացվի, որ մարդկանց անհիմն են կալանավորել:
Ընդ որում՝ Լ. Հովհաննիսյանի տեղեկացմամբ, քրգործում խոսքը գնում է ոչ թե 111, այլ 64 միլիոն դրամի մասին, քանի որ մնացածը տույժեր ու տուգանքներ են: Փաստաբաններից Գևորգ Չաքմիշյանը նշել է, որ կալանքն անհիմն է և անօրինական: Եթե ապացուցվի, որ վերստուգման արդյունքներն անհիմն են, քրգործը կկարճվի: Փաստաբանների գնահատմամբ. «Սա շանտաժի և պատանդ վերցնելու գործողություն է»:
Փաստաբան Անի Թորոսյանն էլ հավելել է, որ իրենց պաշտպանյալներ Նարեկ Հարթունյանին, ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին ու հաշվապահ Արթուր Գալստյանին կալանավորելիս խախտվել են մի շարք ընթացակարգեր, ինչը վկայում է, որ նրանց պարզապես շտապում էին հասարակությունից մեկուսացնել. «Իմ պաշտպանյալները մի քանի ամիս շարունակ գործով ներգրավված էին որպես վկաներ: Թե ինչ փոխվեց մեկ օրում, պարզ չէ»: Նրանք նշեցին, որ 34 տոկոս բաժնետոմսերով հետաքրքրված են պետական կառույցում աշխատող որոշ անձինք:
Այս ֆոնին ուշագրավ է մոտ 1,5 ամիս առաջ արձանագրված մի դեպք. հոկտեմբերի 21-ին ԱԱԾ մարմինները կասեցրել էին «Երևանի ժամացույցների գործարան» ԲԲԸ-ի վարչական շենքի վարձակալած տարածքում գործող, ապօրինի խաղատան՝ «Պոկեր ակումբ»-ի գործունեությունը: ԱԱԾ վարչական շենք բերման էին ենթարկվել «Պոկեր ակումբի» կազմակերպիչ Հովհաննես Կարապետի Ալեքսանյանը, ծնվ. 1968թ., ակումբի 3 դիլերներ, 1 մատուցող և 9 այցելուներ (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ): ԱԱԾ-ը պարզել էր, որ խախտվել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի պահանջները (խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս), և քրգործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 188 (ապօրինի ձեռնարկատիրություն) և 205 (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Թե ինչ փուլում է այս գործը և ինչ ձևով կարող է առնչվել Ն. Հարթունյանին՝ առայժմ դժվար է ասել. հայտնի չեն գործի մանրամասները և գործով անցնող բերման ենթարկվածների կապը Ն. Հարթունյանի «ճնշման»` նրան պատկանող և արգելանքի տակ գտնվող գույքի հետ: Անհասկանալի է նաև, թե ինչու այս գործով ՊԵԿ-ը չի զբաղվել, այլ ԱԱԾ-ն: Արդյո՞ք սա չի հաստատում փաստաբանների այն հայտարարությունը, որ որոշ պաշտոնյաներ հետաքրքրված են Նարեկի բաժնետոմսերով: Գուցե նաև հետաքրքրված են` հօգուտ մեկ ուրիշի՞, ասենք՝ Լևոն Մարկոսի օգտին հարցը լուծել: Եթե ոչ, ապա ինչու չե՞ն կալանավորել «Ժամացույցի» գործարանի մյուս սեփականատիրոջը, ինչո՞ւ հետախուզում չեն հայտարարել: Չէ՞ որ իրավաբանության մեջ գոյություն ունի «համապարտություն» հասկացություն. եթե երկուսով են գործ դրել, երկուսն էլ այդ գործի համար պատասխանատվություն են կրում: Իսկ եթե մեկին ճնշում են, մյուսի մասին չեն էլ հիշում` դա իսկապես մտածելու տեղիք է տալիս:
Կամ՝ այդ ճնշումը այլ ենթատեքստ ունի, որն առաջ է քաշել «Սարդարապատ» շարժումը երեկ տարածած հայտարարության մեջ. ըստ այդմ. «…Հատկանշական է, որ նման զարգացումները հետևել են օրեր առաջ սփյուռքին ուղղված Սերժ Սարգսյանի ամպագոռգոռ կոչերին` համագործակցել, ներդնել, վերադառնալ Հայաստան: Եթե հիշենք, որ վերջերս սփյուռքի մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը, ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի կենտրոնական կոմիտեն, Շառլ Ազնավուրը, Լևոն Հայրապետյանը և ուրիշները, կոշտ և անկեղծ գնահատական են տվել Հայաստանում տիրող աղետալի իրավիճակին, ապա հասկանալի է դառնում իշխող ռեժիմի այսպիսի կեցվածքի պատճառը…
Այս իմաստով, Նարեկ Հարությունյանի գործը, արտացոլելով քրեաօլիխարխիկ համակարգի տրամաբանության ողջ գունապնակը, պետք է դիտարկվի ոչ թե որպես առանձին դեպք կամ թյուրիմացություն, այլ որպես սփյուռքահայ հանրությանը և մտավորական շրջանակներին մի քանի պատասխան զգուշացումներ անելու և մեսիջներ հաղորդելու յուրահատուկ ձև: Հալածանքի ձևն ու ոճը ոչ միայն տնտեսական վեճի, այլև քաղաքական վրեժի տեսք են ստացել: Հալածանք է սկսվել մի հայրենասեր բարեգործի նկատմամբ, որը խուսափելով հանդերձ քաղաքականությունից, միշտ բնութագրվել է իր անկախ, ինքնուրույն և ազգային գործելաոճով: Փաստորեն հետապնդվում է անկախ ու ինքնուրույն ձեռներեցության ու ազգային գործունեության բուն փորձն ու գաղափարը, երբ սփյուռքահայ գործարարը մի կողմից չի համաձայնեցնում իր ազգային բարեգործական գործողությունները, իսկ մյուս կողմից՝ չի «կիսվում» իր բիզնեսով տեղական քրեաօլիգարխիկ համակարգի հետ և այդ իսկ պատճառով սկսվում է ենթարկվել բռնությունների: Հետապնդվում է նաև ազատագրված տարածքներում ներդրում անելու առաջին փորձը` կանխելու համար նման ներդրումների հոսքը դեպի այդ տարածքներ…»:
Վերջաբանի փոխարեն. Իշխանության այս գործելաոճը կարող է շատ վտանգավոր լինել. անկախ նրանից` այն սփյուռքի երկու թևերի (ռուսական և արևմտյան) միջև սեպ խրելու փո՞րձ է, թե՞ փող չտվողներին, չկիսվողներին պատժելու ձև, այն բումերանգի պես հարվածելու է և’ Հայաստանին, և’ Արցախին, և’ սփյուռքին, և’ հենց նման ինտրիգներ սարքող հայրենի իշխանավորներին… Իսկ որ դրանից կարող են ճարպկորեն օգտվել Հայաստանը խաղաքարտ ու մանրադրամ դարձրած դրսի ուժերը` գաղտնիք չէ:
Պարզաբանումwww.1in.am կայքում տեղ գտած` «Franck Muller»-ն ընդդեմ Նարեկ Հարթունյանի վերնագրով 12.12.2011թ. հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը այն մասով, որը վերաբերում է Franck Muller-ին: Ես, որպես Franck Muller Watchland ընկերության փաստաբան, Ձեզ տեղեկացնում եմ, որ երբեւիցե Franck Muller Watchland-ը ցանկություն չի հայտնել գնելու Ձեր հաղորդագրության մեջ նշված ժամացույցի գործարանի բաժնետոմսերը: Հարգանքով` Գեւորգ Չաքմիշյան, փաստաբան








































