Վերջերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տվյալներ, ըստ որոնց աղքատությունը ՀՀ-ում կազմում է 34.8%: Այսինքն՝ ավելի քան 1 մլն 200 հզ. մարդ աղքատ է՝ ելնելով նրանից, որ ԱՎԾ տվյալների համաձայն՝ հանրապետությունում 3.2 մլն մարդ է բնակվում:
Մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը այս ցուցանիշները դիտարկեց 2 տեսակետով. նախ՝ փորձագիտական գնահատականներով ՀՀ-ում չկա 3.2 մլն առկա բնակչություն, կա ընդամենը 2 մլն մարդ և այդ պարագայում աղքատ մարդիկ կազմում են 60%, եթե աղքատության գիծը համարում են 30,400 դրամը: Մ. Արիստակեսյանի գնահատականով, ԱՎԾ-ն սխալ է հաշվում, քանի որ մեթոդապես սխալ է վերցնել աղքատության գիծը 30,400 դրամ կամ պարենային սպառողական զամբյուղը, քանի որ դա է ասում միջազգային փորձը:
Նույն ԱՎԾ հրապարակումների կամ Կայուն զարգացման ծրագրի համաձայն՝ միջազգային չափանիշներով աղքատության գիծը սպառողական զամբյուղն է: Այսինքն՝ աղքատության գիծը ԱՎԾ պաշտոնական տվյալներով պետք է լինի 64 հզ. դրամ, իսկ փորձագիտական գնահատականներով՝ 105 հզ. դրամ: Տնտեսագետը նշեց, որ եթե վերցնենք այդ թվերը, ապա աղքատությունը կազմում է, ոչ թե 34.8%, այլ՝ համապատասխանաբար 62% կամ 75-80%:
Նա նկատեց, որ Կայուն զարգացման ծրագիրը, որը, ցավոք սրտի, չի գործում, նույն Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նորացված տարբերակն է: Դրա համակարգող խորհրդի նիստ վերջին անգամ եղել է 2009 թ.-ին: Այդուհանդերձ, այդ Կայուն զարգացման ծրագրով նախատեսված է, որ աղքատների թվը 2012 թ.-ին պետք է լիներ 14%՝ 2006-ի 20%-ի դիմաց, այսինքն՝ մոտ 2 անգամ պետք է կրճատվեր, բայց պաշտոնական տվյալներով, 14%-ի փոխարեն արդեն 34.8% է, իսկ փորձագիտական գնահատականներով՝ 80%:
«Այս կառավարությունը ոչինչ չի կարողանում կատարել, չի կատարում իր իսկ կողմից հաստատված Կայուն զարգացման ծրագրով նախատեսված նպատակները: Այս օրերին հաստատվեց պետբյուջեն, որով ոչինչ չի արվում բնակչության սոցիալական խնդիրները լուծելու համար, թեև բյուջեն համարվում է սոցիալական: Աղքատությունը զարգանում է, արտագաղթը մեծ տեմպեր է առնում, կապված աղքատության մակարդակի խորացման ու սրացման հետ, երկիրը կոլապսի առջև է կանգնած: Այսինքն՝ խոսել սոցիալական քաղաքականության մասին չի կարելի»,- հայտարարեց Մ. Արիստակեսյանը:











































