Ինչպես հաղորդում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը իր 17.12.10 թ. համարում, ՀՀԿ խորհուրդը պարոն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 16.12.10 թ. իր նիստում որոշել է նույն պարոն Սերժ Սարգսյանին առաջարկել՝ ազատել և նշանակել կառավարության անդամներին:
Ընդունելով, մեղմ ասած, զավեշտալի այդ միջոցառման առաջարկությունը, 17.12.10 թ. պարոն Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրեր է ստորագրել կառավարության անդամների ազատման և նշանակումների մասին՝ նշելով, որ դա կատարում է «ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով…»:
Սակայն վերջինս այլ դրույթ է սահմանում, այն է` «Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին»։
Ձեռնպահ մնալով կատարվածը որպես պաշտոնեական կեղծիք դիտարկելուց՝ պարտավոր ենք, սակայն, հայտարարել, որ հիշյալ հրամանագրերն ակնհայտորեն չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:
Թե ինչ է նշանակում սահմանադրական այս կարգը և, հետևաբար, նրա խախտումը մեր պետականության, այդ թվում՝ պետական կառավարման համար, բավականին գունեղ նկարագրել են ՀՀԿ խորհրդի որոշ անդամներ 2005թ. հանրաքվեի ժամանակ:
Իսկ մեզ մնում է միայն արձանագրել, որ սահմանադրական կարգի այս խախտման արդյունքում ՀՀ արդարադատության (այն էլ` արդարադատության), էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների պաշտոններն զբաղեցնող անձինք այդ պաշտոններում ունեն ապօրինի կարգավիճակ:
Այդ կապակցությամբ, այսօր ՀՊԱԿ նախագահ Ռ. Թորոսյանը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները և
ղեկավարվելով նույն օրենքի 91-րդ հոդվածի պահանջներով, դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար և այդ մասին տալ համապատասխան տեղեկատվություն:
Ռուբեն Թորոսյան