Մերձդնեստրում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը հետաձգվել է. ենթադրվում է, որ դրանք կհրապարակվեն երեքշաբթի: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով հանրապետության Կենտրոանական ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Դենիսենկոյին:
Նախատեսվում էր, որ արդյունքները կհրապարակվեն այսօր առավոտյան:
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի ներկայիս ղեկավար Իգոր Սմիռնովը, տեղի խորհրդարանի նախագահ Անատոլի Կամինսկին, խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շևչուկը, կոմունիստական կուսակցության առաջնորդ Օլեգ Խորժանը, «Բեկում» շարժման առաջնորդ Դմիտրի Սոինը, քաղաքագետ և լրագրող Անդրեյ Սաֆոնովը:
Խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շևչուկի նախընտրական շտաբը քիչ առաջ հայտարարել է առաջին փուլում իր հաղթանակի մասին՝ նշելով, որ հավաքել է ձայների 39.1 %-ը: Ավելի վաղ տեղի խորհրդարանի խոսնակ Անատոլի Կամինսկին նույնպես նշել էր, որ հենց ինքն է անցել երկրորդ փուլ:
Կիրակի օրը exit polls-ի հրապարակած արդյունքները, ընդհակառակը, վկայում են ներկայիս նախագահ Իգոր Սմիռնովի հաղթանակի մասին:








































