Պատահում է`կինը «տեր է», տղամարդը`«հնազանդ»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` խոսելով ՀՀ ԱԺ առաջին ընթերցմամբ քննարկված կնոջ և տղամարդու հավասարության պետական երաշխիքների մասին օրենքի նախագծի շուրջ: ՕԵԿ խմբակցության պատգամավորը օրինագծի համահեղինակն է: Նա տեղեկացրեց, որ 2008 թվականից սկսած` այս նախագիծը շրջանառության մեջ է: Հ. Մարգարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ օրինագծով կանանց և տղամարդկանց համար փորձում են սահմանել հավասար հնարավորություններ:
«Սահմանում ենք կանանց ներկայացվածությունը քաղծառայության, ԱԺ, տեղական ինքնակառավարման, կառավարման, ոլորտներում: Հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի բոլոր ոլորտներում կանայք և տղամարդիկ հավասար ներկայացվեն: Ցանկացած ոլորտում պետք է բացառել սեռային անհավասարությունը»,- մանրամասնեց պատգամավորը`հավելելով, որ խոսքը չի վերաբերում ընտանիքներին, այլ կանանց և տղամարդկանց համար հավասար մոտեցումներ ստեղծելուն: Օրենքը պարտադրում է օրինագծում ընդգծված դրույթները:
Տեղեկացնենք, որ առաջին ընթերցմամբ օրինագիծը անցել է ԱԺ: Քննարկումներ դեռ չեն եղել: Պատգամավորն ասաց, որ կազմակերպվելու են հանրային լսումներ:











































