Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի եվրոպական հարցերով պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն «անդրադարձել» է Մարսելում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որում նա վստահություն էր հայտնել, թե Թուրքիան պետք է ապաշխարի ու առերեսվի իր պատմության հետ, և որ երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել ու վերարժևորել Հայոց ցեղասպանության հանդեպ իր մոտեցումները:
Այս կապակցությամբ Բաղըշը Քաղըթհանեի շրջանում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում ոչինչ չի նշել ցեղասպանության վերաբերյալ՝ փոխարենն ընդգծելով, որ ոչ ոք «չի կարող» ծնկի բերել Թուրքիային, և Հայաստանը որակելով որպես «փոքր երկիր». «Հայաստանի բնակչությունը կրկնակի կրճատվել է՝ 4 միլիոնից դառնալով 2 միլիոն։ Հայերը Հայաստանից գաղթում են ամենուր։ Մի մասն էլ ժամանում է մեր երկիր և որպես դայակ՝ խնամում մեր տարեցներին ու երեխաներին»։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Բաղըշը, փորձելով ցույց տալ իրենց «բարեսրտությունը», հայտարարել էր, որ իրենց համար ամենաթանկ հարստությունը՝ իրենց երեխաներին, վստահում են հայ դայակներին: