Ադրբեջանի կողմից արվող հակահայ պաշտոնական հայտարարություններին, ինչպես նաեւ միջազգային ատյաններում իրականացրած քայլերին Հայաստանի արտաքին գերատեսչությունը կարծես թե խուսափում է համարժեք պատասխան տալ` պատճառաբանելով, թե դրանք «ներքին օգտագործման համար արված» հայտարարություններ են: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության բաժնի գիտքարտուղար, պ.գ.թ. Ալիկ Ղարիբյանը որոշ չափով համամիտ է այդ կարծիքին. «Խնդիրներ կան, որոնց ուղղակի պատասխան տալը նշանակում է սադրանքին զոհ գնալ, սակայն անհրաժեշտություն կա մոտեցումները կենտրոնացնելու եւ համակարգված պայքար մղելու, ինչում մենք բացթողումներ ունենք: Պետք է պետական աջակցություն լինի, որպեսզի ցանկացած միջազգային գիտաժողովի ժամանակ ներկայացվի Հայաստանի համակարգված տեսակետը: Մինչ օրս մենք դեռ չգիտենք` Ղարաբաղ ասելով ի՞նչ ենք հասկանում` պատմական Ղարաբա՞ղը, Արցախի մելիքությունների սահմաննե՞րը, թե՞ ինքնավար մարզը, որը մենք ժառանգել ենք Խորհրդային Միությունից: Այս մոտեումները պետք է պետականորեն ճշգրտված եւ դրված լինեն մեր դիվանագիտության հիմքում, ինչը, ցավոք սրտի, դեռեւս չկա, չկա համակարգված քաղաքականություն: Այդ է պատճառը, որ միջազգային ատյաններում էլ ենք կաղում, սակայն նաեւ պետք չէ անընդհատ ասել դրա մասին»: