1946թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանում ընդունված որոշումը ազդարարեց, որ ցեղասպանությունը հանդիսանում է միջազգային ծանրագույն հանցագործություն, և նման հանցագործությունների շարքը դասեց նաև անցյալում կատարված ցեղասպանության բոլոր դեպքերը՝ առանց վաղեմության ժամկետի կիրառության։
Հայտնի է, որ 1946—1948 թթ. ընթացքում է մշակվել ցեղասպանությունը կանխելու և այդ հանցագործության համար պատժելու մասին Կոնվենցիայի նախագիծը։ Այդ ընթացքում՝ 1947թ. ապրիլի 30-ից մայիսի 4-ը, Նյու Յորքում ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ գումարվեց Հայկական համաշխարհային կոնգրես, որի նպատակն Էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական հողերը վերադարձնելու հարցը։ Ցավոք, այն ձախողվեց տխրահռչակ «Տրումենի դոկտրինայով», որը, սառը պատերազմի պայմաններում, ամեն մի հողային պահանջ Թուրքիայից դիտում Էր որպես «կոմունիզմի ծավալում»։ Թուրքիային պաշտպան կանգնած Արևմուտքի իմպերիալիստական պետությունները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, նորից դառնում Էին հայ արդարացի դատի ոխերիմ թշնամիներ։
Մարդասպանի ինքնապաշտպանական բնազդով հակամիջոցներ ձեռնարկող Թուրքիան չէր կարող հանգստանալ «Տրումենի դոկտրինայով»։ Նա մնում էր նենգ, հեռատես, զգաստամիտ և չէր կարող չմշակել իր դիվանագիտական ստրատեգիան այն հաշվարկով, որպեսզի նախ, ի հեճուկս Գլխավոր ասամբլեայի վերոհիշյալ որոշման պահանջի՝ օրակարգից հանել տար ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում ցեղասպանություն իրականացրած պետությանը միջազգային կոնվենցիայով պատասխանատվության ենթարկելու արդարացի խնդիրը և դրանով Հայկական հարցի վերջակետը դներ։








































